Մատչելիության հղումներ

«7-ի գործը» ուղարկվել է Երեւանի քրեական դատարան


Մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների առիթով Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի անդամ 7 ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործերը ուղարկվել են Երեւանի քրեական դատարան:

Երեկ Հայաստանի դատախազության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն, նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրյալներ Ալեքսանդր Արզումանյանին, Հակոբ Հակոբյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Սուրեն Սիրունյանին, Շանթ Հարությունյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին մեղադրանքներ են առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ եւ 300-րդ հոդվածի 1-ին մասերով` «սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու» եւ «պետական իշխանությունը բռնությամբ զավթելու» համար:

Մյասնիկ Մալխասյանին, ի լրումն վերը նշված հոդվածների, մեղադրանք է ներկայացվել նաեւ 38-316-րդ հոդվածի 2-րդ մասով` ոստիկաններին դիմադրություն ցույց տվող ամբոխի գործողությունները անձամբ ղեկավարելու համար:

Սասուն Միքայելյանին, 225-րդ հոդվածի 3-րդ եւ 300-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներից բացի, ներկայացվել է մեղադրանք` Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով` «ապօրինի զենք կրելու» համար:

«Ես պետք է ասեմ, որ պաշտպանական կողմը մանրամասն ուսումնասիրել, ծանոթացել է քրեական գործի նյութերին, եւ այնտեղ մենք հանցակազմ չենք տեսել», - «Ազատություն» ռադիոկայանի զրույցում այս առիթով հայտարարեց մարտի 1-2-ի գործով մեղադրվող մի շարք անձանց պաշտպան Հովիկ Արսենյանը, - «Ինձ համար շատ տարօրինակ ու ցավալի է, որ, ոտնահարելով քրեական իրավունքի եւ դատավարության սկզբունքները, նման մակարդակի քրեական գործ է ուղարկվել դատարան», - նշեց Արսենյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հաշվի առնելով Արսենյանի պնդումը հանցակազմի բացակայության մասին` վերջինս ինպե՞ս է գնահատում պաշտպանական կողմի շանսերը դատարանում, Հովիկ Արսենյանը պատասխանեց. - «Եթե աշխատում է օրենքը եւ օրինականությունը, միանշանակ, անկախ նրանից թե ով կլինի դատավորը, ինչ կազմով կլինի դատարանը, մեր պաշտպանյալները պետք է որ արդարացվեն»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG