Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի պատգամավոր, խորհրդարանում ներկայացված միակ ընդդիմադիր քաղաքական ուժի հիմնադիր, Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը մոտ ապագայում Ղարաբաղյան հարցի լուծում չի տեսնում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր «ձեւական քայլ» գնահատեց թե’ Թուրքիա - Հայաստան հարաբերությունների ջերմացման եւ թե’ Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ քննարկման` Սերժ Սարգսյանի վերջին նախաձեռնությունները:

«Թուրքիա - Հայաստան հարաբերությունների նախաձեռնությունը ձեւական քայլ է եղել, որը մինչեւ հիմա իր բովանդակությունը չի ստացել, Հայաստանի շահը արժանվույնս չի ներկայացվել», - ասաց նա` շարունակելով. - «Նույնը այստեղ [Լեռնային Ղարաբաղի հարցում]: Կարծում եմ, թե ձեւական ճշգրիտ քայլ է, որը, սակայն, բովանդակություն իր մեջ քիչ կրեց: Այնտեղ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների բացակայությունը ակնբախ էր, եւ այդ բացակայությունը փաստորեն արտացոլում է բանակցային գործընթացից Արցախի բացակայությունը»:

«Ես չեմ կարծում, որ մինչեւ հիմա որեւէ մեկը հանձնառած լինի Մադրիդյան սկզբունքների բացահայտումը. որո՞նք են այդ սկզբունքները... Հայաստանի նախագահը ասում է, որ դա մատչելի է ինտերնետում, կայքերում, արտգործնախարարը ասում է, որ դա ամեն դեպքում հրապարակման ենթակա չէ: Ուզում եմ ասել, որ հետեւողական համապարփակ պետական քաղաքականություն տակավին չկա: Եվ սա ես ոչ թե ասում եմ չարաբար, այլ ցավով եմ ասում, որ սա է վիճակը: Մեզ մոտ երեսպաշտությունը շատ ու շատ է: Այդ խորհրդակցությունում ամեն դեպքում, իմ կարծիքով, չբացահայտվեց բանակցության հիմքը: Եթե Մադրիդյան սկզբունքնեը դրանք են, որոնք հրապարակվել են, դա ցույց է տալիս, որ Հայաստանի դիվանագիտությունը ձախողվել է, ձախողվել է բոլոր իշխանությունների օրոք», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը իր վերջին այցելության ժամանակ ասել էր, որ Սերժ Սարգսյանին իր տպավորությունն է փոխանցել, թե Հայաստանում կարծես քաղաքական վենդետա է իրականացվում ընդդիմության ազատազրկված ներկայացուցիչների հանդեպ:

Այս կապակցությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց. - «Քաղաքական վենդետայի եզրաբանությունը իրն է [Համմարբերգինը], բայց մի բան ակնհայտ է, որ մարտի 1-ի ազգային ողբերգությունից անցել է ավելի քան 9 ամիս, տասը սպանությունների համար` ոչ մի քայլ առաջ: Քրեական որեւէ գործ չի հարուցվել: Ոչ մի ամբաստանյալ, թե ով է իրականացրել այդ սպանությունը եւ կամ էլ ով է հրահանգել այդ սպանությունների կատարումը: Դա ինքնին բացահայտում է մեր իրականության երկփեղկվածությունը, մեր երկվությունը, մեր ներքին երեսպաշտությունը, եւ ամրապնդում է հանձնակատարի խոսքի էությունը»:

«Մարտի 1-ի գլխավոր դերակատարները եղել են ուղղահայացի համապատասխան Հայաստանի երեք նախագահները», - շարունակեց նա: - «Եվ քանի դեռ Հայաստանի երեք նախագահներից եւ իրենց անմիջական օգնականներից, թիկնազորի ներկայացուցիչներից, գեներալներից... չենք ստանում երդման ներքո իրենց վկայությունները, ես չեմ կարծում, որ հայ ժողովուրդը կարող է լավատեսորեն սպասել ողջ ճշմարտության բացահայտմանը»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG