Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյանը կարեւոր է համարում Ղարաբաղյան հակամարտության լուծման «լեգիտիմության աստիճանը»


Հայաստանի նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերջին զարգացումներին, ընդգծեց «հարցի լուծման լեգիտիմության աստիճանի» կարեւորությունը:

«Ո՞վ է լուծելու այդ խնդիրը: Այստեղ նույնպես շատ կարեւոր է, որ հստակ էր մեր իշխանության մոտեցումը, որ պետք է, եթե, տա Աստված, կգանք մենք այն լուծմանը, որը կբխի մեր ազգային անվտանգության շահերից, բնականաբար, դա կդրվի համաժողովրդական հանրաքվեի: Այսինքն` ժողովուրդը պետք է ասի իր հավաքական խոսքը: Իսկ սա արդեն նշանակում է խնդրի լուծման լեգիտիմության բարձրագույն աստիճան», - ասաց Բաղդասարյանը:

Նրա խոսքով, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հարկավոր է գնալ «համարձակ եւ ազգաշահ լուծումների ճանապարհով». - «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը տալիս է տնտեսական, քաղաքական առաջընթացի բոլորովին նոր որակներ Հայաստանի համար»:

Հայաստանը, ըստ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, պետք է գնա փոխզիջումների եւ ոչ թե առճակատման ճանապարհով, քանի որ «փոխընդունելի փոխզիջումը ավելի կարեւոր է, քան անիմաստ առճակատումը»:

Արթուր Բաղդասարյանի խոսքով, հիմնախնդրի լուծման սկզբունքները հստակ կերպով ամրագրվեցին Մայնդորֆյան հռչակագրում, եւ դրանք կարող են հետագայում հիմք ծառայել իրավական փաստաթղթի ձեւավորման համար:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Անվտանգության խորհրդի քարտուղարը ասաց, որ խորհուրդը քննարկել ու վերլուծել է սահմանի հնարավոր բացման ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. - «Մենք գտնում ենք, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է ունենալ տեսանելի դրական տեղաշարժ մեր տնտեսության համար: Իհարկե, որոշ գուցե բացասական նրբերանգներ էլ լինեն, բայց գերակա է, հստակ է, որ հայ-թուրքական սահմանի բացումը հնարավորություն կտա նախեւառաջ աշխուժացնել առեւտուրը, նպաստել կապիտալի եւ մարդկանց առավել ազատ ու պաշտպանված տեղաշարժին»:

«Մենք այսօր խոսում ենք հարեւանություն սկսելու մասին, ոչ թե բարեկամություն անելու մասին», - հավելեց նա:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG