Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Բարաք 0բաման կազմում է «ազգային անվտանգության թիմը»:

Այսօրվա դրությամբ արդեն հայտնի է, որ 0բաման մտադիր է պաշտպանության նախարարի պաշտոնը վստահել Պենտագոնի ներկայիս ղեկավար Ռոբերտ Գեյթսին:

Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի թեկնածու է համարվում պաշտոնաթող գեներալ Ջեյմս Ջոնսը, ով նախկինում ՆԱՏ0-ի բարձրաստիճան հրամանատարներից էր եւ հայտնի է որպես Իրաքում Ջորջ Բուշի ռազմական քաղաքականության քննադատ:

Ֆինանսների նախարարի պաշտոնում 0բաման առաջադրելու է Նյու 3որքի Կենտրոնական բանկի նախագահ Թիմոթի Գեյթներին, ով նոր վարչակազմում պետք է նախեւառաջ զբաղվի ֆինանսական աննախադեպ ճգնաժամի պայմաններում շուկան կայունացնելու հարցով:

Ազգային տնտեսական խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվում է Լոուրենս Սամերսը, ով Բիլ Քլինթոնի նախագահության օրոք մոտ մեկեւկես տարի ղեկավարել է ֆինանսների նախարարությունը եւ վերջին ամիսների ընթացքում հանդես է եկել որպես թեկնածու 0բամայի ֆինանսական հարցերով խորհրդական:

Տնտեսության վերականգնման խորհրդատվական բաժինը պետք է ղեկավարի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Փոլ Վոլքերը:

Առեւտրի նախարարությունը գլխավորելու է Նյու Մեքսիքոյի նահանգապետ, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան, Քլինթոնի նախագահության օրոք էներգետիկայի նախարար Բիլ Ռիչարդսոնը:

Առողջապահության եւ հումանիտար ծառայությունների նախարար է նշանակվելու Սենատում դեմոկրատների մեծամասնության նախկին ղեկավար Թոմ Դաշլեն:

Արդարադատության նախարարությունը համաձայնել է ղեկավարել Էրիկ Հոլդերը:

Արիզոնայի նահանգապետ Ջանեթ Նափոլիթանոն, հավանաբար, կստանձնի ազգային անվտանգության նախարարության ղեկավարությունը: Այդ կառույցը ձեւավորվել է 2002 թվականին՝ 2001-ի սեպտեմբեր 11-ից հետո ստեղծված ազգային անվտանգության վարչության հիման վրա:

Հավանական առաջադրումներից ամենակարեւորը, ըստ մեկնաբանների, պետական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնն է: Բարաք 0բամայի շրջապատից ստացված բազմաթիվ եւ, հավանաբար, հավաստի հաղորդագրությունների համաձայն, ընտրված նախագահը գրեթե վերջնական որոշում է կայացրել. ամերիկյան արտգործնախարարության ղեկավար է նշանակվելու ներկուսակցական ընտրություններում իր հիմնական մրցակիցը` նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը:

Նախագահ Բարաք 0բամայից եւ փոխանախագահ Ջո Բայդենից բացի, նոր վարչակազմում աշխատելու են 15 նախարարներ, ի դեպ, ըստ ամերիկյան քաղաքական ավանդույթի, նրանց անվանում են «քարտուղարներ»:

Բարաք 0բամայի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունը տեղի կունենա գալիք հունվարի 20-ին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG