Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 29-ը դեկտեմբերի)

«Հայոց աշխարհ»-ը տնտեսական ճգնաժամից դուրս գալու կարեւորագույն գործոն է դիտում կոռուպցիայի դեմ պայքարը: «Հայրենի կոռուպցիայի ամենավտանգավոր մասը հիմնվում է նորմատիվ ակտերում եւ օրենքներում տեղ գտած բազմաթիվ սողանցքերի վրա, որոնք թույլ են տալիս պաշտոնյային սեփական հայեցողությամբ տնօրինել ամեն տեսակի ակտիվները։ Հենց այդօրինակ սողանցքերի համակարգերն էլ հնարավորություն են ստեղծում ժողովրդի ծառաների համար հափռել (լիովին կամ մասամբ) իրենց դուր եկած բիզնեսները։ Եթե այդ սողանցքերը փակվեն, ապա կոռուպցիոն համակարգը չի փլուզվի, բայց ավելի խոցելի կդառնա։ Կարեւոր է ընդգծել, որ օրենքներում այդօրինակ սողանցքերի որոնումն արդեն ոչ թե արվեստ է, այլ արհեստ», - գրում է թերթը:

Նույն` տնտեսական ճգնաժամի թեմայով «Փակագիծ»-ը գրում է. - «Ինչքան կառավարությունը խոսում է Հայաստանում ճգնաժամի չգոյության, գրավի ներդրումային միջավայրի եւ կայունության մասին, այնքան Հայաստանում տեղեկություններ են ստացվում աշխատատեղերի կրճատման մասին: Օրինակի համար, անցնող շաբաթ պարապուրդի մասին ավետեց նաեւ ցեմենտի արտադրության ոլորտում զբաղվող «Միկա ցեմենտ»-ի սեփականատեր Միքայել Բաղդասարովը: Սակայն բանը միայն նրա այդ «ավետիսը» չէր: Բանն այն է, որ իշխանությունների նախկին սիրեցյալ օլիգարխը, որին կապում էին Սերժ Սարգսյանի հետ, հանկարծ մի քանի օր առաջ ուղղակի չափազանց սուր քննադատության ենթարկեց Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը ճգնաժամի հանդեպ եւ անգամ ստախոս կամ ուղղակի փչան ներկայացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանին»:

Մինչդեռ, «Ազգ»-ը մեջբերում է Բաղդասարովի նոր հարցազրույցը «Արմենպրես»-ին, որտեղ նա ասել է. - «Երեկ «Դե ֆակտո» ակումբում տված իմ ասուլիսը բավականին մեծ արձագանք գտավ մամուլում: Ցավով պիտի նշեմ, որ մեր լրագրողներից ոմանք տեղեկատվությունը լսարանին անմիջականորեն փոխանցելու փոխարեն զբաղվում են հեռուն գնացող եզրակացություններով համեմված նյութեր ստեղծելով: Ավելորդ շահարկումները կանխելու նպատակով ստիպված եմ հայտարարել, որ մամլո ասուլիսի ժամանակ իմ արտահայտած մտքերը մեր տնտեսության մեջ առկա խնդիրների եւ առկա հնարավորությունների վերաբերյալ են եղել` առանց որեւէ տողատակ մտքերի: Ավելին, հիմնական մեսիջը, որ ես տվել եմ, այն է, որ ֆինանսական ճգնաժամով պայմանավորված առկա բոլոր խնդիրներով հանդերձ` մեզ համար իրականում նոր հնարավորություններ կարող են բացվել, որոնցից հարկ է օգտվել»:

«Առավոտ»-ի խմբագիրը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ գրում է. - «Հայաստանում գոյություն ունեն, պայմանականորեն ասած, «կարծր» եւ «փափուկ» դիրքորոշումներ: Հարեւան հանրապետությունում չկա կարծիքների բազմազանություն` թեկուզ այն չափով, որն առկա է մեր երկրում: Թե ինչ է այդ առիթով մտածում Իլհամ Ալիեւը` հայտնի է. Ղարաբաղն ամբողջությամբ պետք է լինի Ադրբեջանի տիրապետության տակ, եւ եթե հայերը դրան համաձայն չեն, դա կարվի ռազմական ճանապարհով: Կա՞, արդյոք, այնտեղ որեւէ ուժ, որեւէ խումբ, որեւէ գործիչ, որն այլ կերպ է մտածում: Եթե Ղարաբաղը կրկին հայտնվի Ադրբեջանի կազմում, ապա մի քանի ամսից այնտեղ ոչ մի հայ չի մնա` տեղի կունենա այն, ինչ կատարվել էր Սումգայիթում: Հարեւանների ուզած «լուծման» դեպքում հայերի կոտորածն ու դեպորտացիան անխուսափելի են: Այս հարցում արդեն Հայաստանում չկան տարաձայնություններ` դա մեզ (թե «կարծրների», թե «փափուկների») համար «2-ին գումարած 2-ի» նման մի բան է»:

«Ժամանակ Երեւան»-ը զրուցել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանի հետ: Նա ասում է. - «Պատերազմի հնարավոր վերսկսման պարագայում մենք խնդիր ենք ունենալու հասարակությանը կոնսոլիդացնելու հարցում, քանի որ ղարաբաղյան պատերազմում ժամանակին տարած մեր հաղթանակի հիմքում հենց հասարակության համախմբվածությունն էր: Մենք այսօր պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք հասարակական տրամադրություններին եւ հասարակության գիտակցությունն այն մակարդակի բերենք, որպեսզի մարդիկ նորից պատրաստ լինեն զենքը ձեռքներին ռազմադաշտ գնալ եւ ցույց տալ հակառակորդին, թե որտեղ են ձմեռում խեցգետինները ձմռանը: Իսկ թե արդյո՞ք հասարակությունն այսօր ի վիճակի կլինի դրան` դժվար է ասել»:

«Հրապարակ»-ը անդրադարձել է դատաիրավական բարեփոխումների խնդրին. - «Դատաիրավական բարեփոխումները մեր երկրում անհասկանալի եւ անտրամաբանական զարգացումներով են ընթանում: Ընդամենը մեկ տարի առաջ ստեղծվեցին մասնագիտացված դատարաններ` քրեական, քաղաքացիական, վարչական, Հյուսիսային, Հարավային, իսկ այսօր արդեն համարում են, որ այդ համակարգը չի արդարացրել իրեն, եւ հարկավոր է վերադառնալ նախկինին: Իսկապես որբի գլուխ` ով հասնում է, խուզում է: Հարց է ծագում` ի՞նչ իմաստ ուներ համակարգը փոխելը եւ ի՞նչ իմաստ ունի մեկ տարի անց այն կրկին փոխելը: Ո՞վ է պատասխան տալու սխալ փոփոխությունների համար եւ ո՞վ է կրելու առաջիկա փոփոխությունների պատասխանատվությունը»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG