Մատչելիության հղումներ

Գերագույն հոգեւոր խորհուրդը դատապարտում է Վրաստանում հայկական եկեղեցիների դեմ ոտնձգությունները


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգեւոր խորհուրդը մտահոգություն է հայտնել Վրաստանում Վիրահայոց թեմի եւ հայկական եկեղեցիների նկատմամբ դրսեւորվող ոտնձգություններով եւ դատապարտել «քրիստոնեության ոգուն, եղբայր ժողովուրդների բարեկամությանն անհարիր քայլերն ու գործողությունները»:

Անցած շաբաթ կայացած նիստում Գերագույն հոգեւոր խորհուրդը անդրադարձել է Վիրահայոց թեմի խնդիրներին, մասնավորապես` հայկական եկեղեցիների վերադարձման հարցերին եւ Թբիլիսիի Նորաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցու նկատմամբ հերթական ոտնձգության եւ հայկական գերեզմանների պղծման դեպքին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` իրավիճակի մասին զեկույցով է հանդես եկել Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը տեղեկացրել է, որ նկատի ունենալով այն, որ վրաց իշխանությունների եւ Վրաց եկեղեցու կողմից որեւէ ընդառաջում չի կատարվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիմումներին, Հայ առաքելական եկեղեցին շարունակելու է այս հարցը մշտապես հանձնել միջազգային հանրության ուշադրությանը` հույսով, որ ներդրված համընդհանուր ջանքերի շնորհիվ բարվոք լուծում կստանան վիրահայության ազգային-եկեղեցական կյանքում առկա խնդիրները:

Այնուհետեւ Գերագույն հոգեւոր խորհուրդը հանդես է եկել կոչով, որում, մասնավորապես, ասված է. - «Գերագույն Հոգեւոր Խորհուրդը, խորապես մտահոգված Վրաստանում Վիրահայոց թեմի եւ հայկական եկեղեցիների նկատմամբ դրսեւորվող ոտնձգություններով, դատապարտում է քրիստոնեության ոգուն, եղբայր ժողովուրդների բարեկամությանն անհարիր քայլերն ու գործողությունները: Գերագույն Հոգեւոր Խորհուրդը կոչ է ուղղում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներին` զորավիգ լինել վիրահայությանը իրենց ջանքերում եւ նախանձախնդիր պայքարում ի պաշտպանություն հայկական եկեղեցիների եւ հայրենական իրենց սրբությունների»:

Նոյեմբերի 16-ին Թբիլիսիի Սուրբ Նորաշեն եկեղեցու նկատմամբ հերթական ոտնձգությունն էր իրականացվել: Վրաց հոգեւորական Տարիել Սիկինչելաշվիլին ու իր կողմնակիցները, կիրառելով շինարարական ծանր տեխնիկա, տեղահանել էին եկեղեցու բակում գտնվող` Միքայել եւ Lիդիա Թամամշեւների շիրմաքարերը: Շիրմաքարերը իրենց տեղն են վերադարձվել միայն վրաց Պատրիարքի միջամտությունից հետո:


(Լուսանկարում` Նորաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցին)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG