Մատչելիության հղումներ

logo-print

Հայ ազգային կոնգրեսի հետագա քայլերը կորոշվեն դեկտեմբերին կայանալիք կոնֆերանսում


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսին անդամակցող կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները այսօր դռնփակ քննարկեցին հետագա ծրագրերը:

Քննարկումների ավարտին Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ Կոնգրեսը նախատեսում է կոնֆերանս անցկացնել դեկտեմբերի 12-ին:

«Դա նախապատրաստական, վերջնական փուլն է Կոնգրեսի կայացմամ», - ասաց Սարգսյանը: - «Դրան հաջորդելու է Կոնգրեսի համագումարը»:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կա՞ն արդյոք տարաձայնություններ այսօր հավաքված 16 կուսակցությունների միջեւ, պատասխանեց. - «Կան տարաձանյություններ, եւ այդ տարաձայնությունները գաղտնի չեն: Այստեղ խնդիր ունեինք նաեւ առաջարկություններ ու տեսակետներ լսել»:

Երկու տեսակետ կա, մասնավորապես, Ղարաբաղյան հարցի կապակցությամբ` ոչ մի թիզ հող չզիջելու եւ փոխզիջման տեսակետները: Առաջինի կողմնակիցներից Արամ Սարգսյանը նշեց Հնչակյան կուսակցությունը եւ Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած «Հայ կամավորների համախմբումը»: Տեր-Պետրոսյանի մոտեցումը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդի փոխանցմամբ, հետեւյալն է` Կոնգրեսը կսատարի Ղարաբաղի ժողովրդին, ինչպես դա արեց 1988 թվականին:

Հանրահավաքները վերսկսելու կապակցությամբ Արամ Սարգսյանը փոխանցեց Կոնգրեսի դիրքորոշումը` «եթե չլինեն չնախատեսված արտակարգ իրադարձություններ, հոկտեմբերի 17-ին խոստացված 2 ամիս դադարը կպահպանվի»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG