Մատչելիության հղումներ

Հուսիկ Բաղդասարյանը ազատվեց պատիժը կրելուց


«Մարտի 1»-ի գործով երկու տարվա ազատազրկման դատապարտված Հուսիկ Բաղդասարյանը այսօր Վճռաբեկ դատարանի որոշմամբ ազատ է արձակվել պատիժը կրելուց: Վճռաբեկը որոշել է ազատազրկումը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան երկու տարի ժամկետով:

Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենgոյանի հաղորդագրության համաձայն` վերաքննիչ քրեական դատարանի մայիսի 21-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել Բաղդասարյանի շահերի պաշտպանը:

Վերաքննիչ դատարանը հիշյալ որոշմամբ փոփոխել էր Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի մարտի 31-ի դատավճիռը, որով Հուսիկ Բաղդասարյանը մեղավոր էր ճանաչվել Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ` «ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը», եւ դատապարտվել երեք տարվա ազատազրկման:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հուսիկ Բաղդասարյանը այսօր ասաց, որ պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Սկսած առաջին ատյանից վերջացրած վճռաբեկով` բոլոր ատյաններն էլ կայացրել են անօրինական եւ ակնհայտ կեղծ դատավճիռներ», - ասաց նա: - «Նաեւ վճռաբեկը: Բոլորն էլ եղել են քաղաքական վճիռներ»:

Հուսիկ Բաղդասարյանը ձերբակալվել էր փետրվարի 26-ին` ապօրինի զենք-զինամթերք կրելու մեղադրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG