Մատչելիության հղումներ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2008»-ը արձանագրել է 35 միլիոն 9 հազար 156 դոլարի կատարված եւ խոստացված նվիրատվություններ, ինչը կրկնապատիկ ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Այդ մասին ասված է հիմնադրամի հաղորդագրությունում:

Հիմնադրամի հանձնախմբերի կողմից հանգանակված գումարները հետեւյալն են` Լոս Անջելես` շուրջ 1 միլիոն 300 հազար դոլար, Լիբանան`200 հազար, Մոնրեալ` 130 հազար, Արգենտինա` 100 հազար, Մեծ Բրիտանիա` 200 հազար, Հոլանդիա` 40 հազար, Ավստրալիա` 50 հազար, Նյու Յորք` 200 հազար, Ֆրանսիա` 1 միլիոն 500 հազար, Գերմանիա` 85 հազար, Շվեյցարիա` 33 հազար, Տորոնտո` 250 հազար, Հունաստան եւ Կիպրոս` 40 հազար:

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը հայտարարել է 15 միլիոն դոլար նվիրատվության մասին, որը կուղղվի Ստեփանակերտում հիվանդանոցի կառուցմանը: Այս տարի փոքր եւ միջին նվիրատվությունների զգալի աճ է գրանցվել: «Հեռուստամարաթոն 2008»-ի խոշոր նվիրատուներից են «Վիվասել ՄՏՍ»-ը, Միքայել Վարդանյանը, Սամվել Ալեքսանյանը, Էդուարդո Էռնեկյանը, Գագիկ Ադիբեկյանը, Վարուժան Գրիգորյանը, Գագիկ Զաքարյանը, Նորիկ Պետրոսյանը, Բարսեղ Բեգլարյանը, Արամ Քոչարյանը, Խաչիկ Մանուկյանը, Կարապետ Ալեքսանյանը եւ այլոք:

Հեռուստամարաթոնի ընդհանուր արդյունքը ներառում է նախորդ ամիսներին կազմակերպված մի շարք դրամահավաք միջոցառումների ընթացքում հանգանակված գումարները եւս, այդ թվում` հեռախոսամարաթոնները, հեծանվամարաթոնը, բարեգործական համերգները, Լիբանանում անցկացվող ռադիոմարաթոնը:

Երեկ անցկացված հեռուստամարաթոնի պատվավոր հյուրերի շարքում էին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը, նվիրատուներ ու հասարակական գործիչներ:

«Հեռուստամարաթոն 2008»-ի արդյունքում արձանագրված գումարը աննախադեպ է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնների համար: Մինչ այժմ ամենամեծ գումարը հանգանակվել էր անցած տարի` շուրջ 15 միլիոն դոլար:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG