Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Բելառուսի նախագահի եւ արտգործնախարարի հետ


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ մեկօրյա պաշտոնական այց է կատարել Մինսկ, որտեղ հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ արտգործնախարար Սերգեյ Մարտինովի հետ:

Ալեքսանդր Լուկաշենկոն Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկու պետությունների ղեկավարների միջեւ ստեղծված ջերմ հարաբերությունները մեծապես նպաստում են Հայաստանի եւ Բելառուսի միջեւ բարեկամությանը: Նրա խոսքերով` առկա են բոլոր նախադրյալները երկկողմ հարաբերությունների առավել ակտիվացման համար:

Հայաստանի արտգործնախարարը նշել է փոխայցելությունների, խորհրդարանական, տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության, մշակութային եւ գիտական փոխանակումների ակտիվացման անհրաժեշտությունը: Նա հույս է հայտնել, որ 2009 թվականի առաջին եռամսյակում հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը կարող է խթան հանդիսանալ այդ ուղղություններով առաջընթացի համար:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Մարտինովի հանդիպման ժամանակ քննարկվել է երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի լայն շրջանակ:

Նախարարները նշել են լայն իրավապայմանագրային դաշտի առկայությունը եւ շեշտել այն առավել ընդարձակելու անհրաժեշտությունը:

Արձանագրելով վերջին տարիներին երկկողմ առեւտրի շրջանառության աճը, որը ներկայումս կազմում է մոտ 30 միլիոն դոլար, նախարարները, միաժամանակ, նշել են, որ գոյություն ունեցող ներուժը հնարավորություն է տալիս այն առավել մեծ ծավալների հասցնել:

Հայաստանի եւ Բելառուսի արտգործնախարարները քննարկել են մշակութային ոլորտում համագործակցության ծավալման հնարավորությունները, այդ առումով գոհունակություն հայտնելով 2009 թվականին Հայաստանում Բելառուսի եւ 2010 թվականին Բելառուսում Հայաստանի մշակութային օրերի անցկացման պայմանավորվածության կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունների վերջին զարգացումները:

Հանդիպմանը հետեւել է համատեղ մամուլի ասուլիս, այնուհետեւ Հայաստանի արտգործնախարարը հարցազրույց է տվել բելառուսական հեռուստատեսությանը:

Երեկոյան Սերգեյ Մարտինովը պաշտոնական ընթրիք է տվել Էդվարդ Նալբանդյանի պատվին:

Հայաստանի արտգործնախարարը այցելել է նաեւ Մինսկի Հաղթանակի հրապարակ, որտեղ ծաղկեպսակ է դրել Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի հուշարձանին:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել նաեւ Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ խոսել է հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման հեռանկարների, ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունների մասին:
Այսօր Էդվարդ Նալբանդյանը վերադարձել է Երեւան:


(Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության լուսանկարում` Էդվարդ Նալբանդյան եւ Սերգեյ Մարտինով)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG