Մատչելիության հղումներ

«Ճգնաժամը կարող է խարխլել ժողովրդավարության հիմքերը»


Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի տնտեսական գործերի եւ զարգացման հարցերի հանձնաժողովը երեկ Փարիզում հրապարակել է զեկույց, որի համաձայն` ներկայիս համաշխարհային ֆինանսական ճգնաժամը կարող է երկար տեւել:

Ըստ զեկույցի, ճգնաժամի հետեւանքով Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում արդեն գրանցվել է կենսամակարդակի էական անկում, եւ դրա հետագա խորացումը կարող է աղետալի ազդեցություն գործել եւ խարխլել ժողովրդավարության հիմքերը: Տնտեսական իրավիճակի վատթարացումը կհանգեցնի զանգվածային գործազրկության, մարդկանց կզրկի մեծ ջանքերի գնով ձեռք բերած ունեցվածքից, ավելի ծանր կդարձնի նյութապես անապահովների վիճակը:

Զեկույցի հեղինակների համոզմամբ` պետական իշխանությունները չեն կատարել իրենց պարտավորությունները եւ քաղաքացիներին չեն նախազգուշացրել ֆինանսական շուկաներում ի հայտ եկած վտանգների մասին:

Հանձնաժողովը զեկույցում ափսոսանք է հայտնում, որ նոյեմբերի 15-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում 20 առաջատարներ երկրների ընդունած գործողությունների ծրագրում տեղ չեն գտել ճգնաժամի ժամանակաշրջանում մարդկանց սոցիալական եւ տնտեսական իրավունքների պաշտպանության մասին դրույթներ:

Հանձնաժողովը ընդգծել է, որ Եվրոպայի խորհրդի անդամ-երկրների իշխանությունները պատասխանատվություն են կրում իրենց քաղաքանցիների սոցիալական իրավունքների պաշտպանության համար: Հանձնաժողովը պահանջում է քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցը անպայման ընդգրկել 2009 թվականի հունվարին կայանալիք ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանի օրակարգում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG