Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ռոմանտիկ լուծում» վերնագրի ներքո «Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Քրեական հակումներ ունեցող մարդու համար որոշիչ նշանակություն չունի` նա հարուստ է, թե աղքատ, նույնիսկ մի ամբողջ կարողության տեր լինելով, նա ձգտում է հարստանալ անօրինական ճանապարհով: Ձեռքն է սովոր: Այդ ամենը հիշեցնում եմ ԱԺ-ի կողմից երեկ ընդունած օրենքի կապակցությամբ, որով նախատեսվում է բարձրացնել, մասնավորապես, դատավորների աշխատավարձը` որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջոց: Այսինքն` ըստ օրինագծի, Հայաստանի դատավորները կաշառք են վերցնում` 220 հազար դրամ աշխատավարձ ստանալով, հենց որ նրանք ստանան 440 հազար` այդ վատ սովորությանը անմիջապես վերջ կտան: Ես պարզապես նախանձում եմ այն մարդկանց, որոնք դրան հավատում են` ուրեմն կան Հայաստանում անուղղելի ռոմանտիկներ»:

«Հայկական ժամանակ»-ի լրագրողը հարցրել է պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կարծիքը Եռաբլուրում ազատամարտիկների նկատմամբ ոստիկանների գործողությունների մասին: Պատգամավորն ասում է. - «Այդ մարդիկ իրավունք ունեն իրենց պահանջները ներկայացնել, որովհետեւ իրենք արյուն են թափել, կռվել են: Բայց ի սկզբանե, երբ որ մենք ներքաշվեցինք այս պատերազմի մեջ, մենք ազգովի, նույն այդ կռվող տղաները իրենք, հաստատ չէին ուզում զավթել, գրավել այդ տարածքները: Ուղղակի մենք ի՞նչ ենք արել, այդ տղաները ի՞նչ են արել... Գրավել ենք, անվտանգության գոտի է ստեղծվել Ղարաբաղի համար, եւ խնդիրը երբեք այն չի եղել, որ Ադրբեջանից հող վերցնենք: Խնդիրը եղել է պաշտպանել Ղարաբաղը, հետագայում ստեղծել անվտանգության գոտի: Եթե անվտանգության գոտու հետ կապված Աղդամից էն կողմ մի շրջան էլ վերցնեինք, հիմա պիտի ասեինք, դա մե՞րն է»:

«ժամանակ Երեւան»-ի հետ զրույցում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը անդրադառնում է Բակո Սահակյանի այն հայտարարությանը, թե` ազատագրված տարածքները ոչ ոք չի պատրաստվում հանձնել, եւ նույնիսկ երկու` Լաչինի եւ Քելբաջարի շրջանների վերաբերյալ զարգացման ծրագիր կա: Բագրատյանն ասում է. - «Անշուշտ, խիստ մտահոգիչ է Ղարաբաղի բացակայությունը հարցի կարգավորման այս փուլում: Իսկ Բակո Սահակյանի հայտարարությունը ծրագրերի վերաբերյալ, լավ է: Մի դիտողություն միայն. իբրեւ ազատագրված տարածքների վերաբնակեցման ծրագրերի նախաձեռնող (1994 թվականին), ուզում եմ հարց տալ. իսկ ինչո՞ւ թույլ տվեցիք, որ այդ տարածքների բնակչությունը վերջին տասը տարիների ընթացքում երկու անգամ պակասի: Ո՞վ պետք է պատասխան տա: Քոչարյա՞նը: Ի՞նչ պատիժ է հասնում դրա համար: Ինչո՞ւ են այդ տարածքները հանձնվել մի քանի մարդկանց»: «Ըստ Ձեզ, ինչի՞ հետեւանք է դա, եւ ի՞նչ կարելի է անել սխալն ուղղելու համար» հարցին նախկին վարչապետը արձագանքում է. - «Նախ` այդ տարածքներում որեւէ ազատ տնտեսակարգ չստեղծվեց: Երկրորդ` տարածքների հիմնական ռեսուրսները Քոչարյանը տվել էր, եւ մինչեւ հիմա էլ այդպես է, օլիգարխներին: Երրորդ` միջոցները մարդկանց չէին տալիս` տներ կառուցելու, տնտեսություն հիմնելու համար: Բոլորը ձգտում էին դա անել` նրանց փոխարեն: Հատկանշական է Քելբաջարի «դասը». Դաշնակցությունը իբր թե բնակեցնում էր այն: Չէ մի, բնակեցրեց: Գնացեք` տեսեք, թե քանի ընտանիք է ապրում այնտեղ»:

«Հայոց Աշխարհ»-ը կրկին անդրադառնում է Հայաստանի հաղթանակին շախմատի օլիմպիադայում. - «Թեպետ նախօրեին Տեր-Պետրոսյանի Կոնգրեսը սրտի ցավով «սրտանց» շնորհավորեց Հայաստանի շախմատի հավաքականին, սակայն երեկ հհշական քարոզչամեքենան վշտացած արձանագրեց` չենք կարողանում տոնել, քանզի, հասկանում եք, բոլոր հեռուստաընկերությունները ողողված էին երկրի նախագահին գովերգող ռեպորտաժներով, իսկ շախմատասերները մղվել էին երրորդ-չորրորդ պլան: Այն, որ տոնախմբությունը սեւացնելու հիմնավոր պատճառ ունեին, դա էլ փաստ է: Չէ՞որ ինչ ժամանակին չհաջողվեց անել իրենց շախմատասեր պատրոնին, այժմ հաջողվեց անել երկրի նախագահին: Այս իրողության հետ ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել ո’չ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ո’չ էլ նրա գրչակները: Վերջիններս, ի դեպ, դեռ տարեսկզբին փորձեցին քարկոծել հայ շախմատիստներին, որոնք հայտարարեցին, թե նախագահական ընտրություններին սատարում են Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ո՞վ կարող է ժխտել փաստը, որ երկրի նախագահը, լինելով շախմատի ֆեդերացիայի նախագահ, անցած տարիներին մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահել Հայաստանի հավաքականին, ամեն ինչով աջակցել է մեր շախմատիստներին, եւ նրանց արձանագրած հաջող մրցելույթներն ու հաղթանակները պայմանավորված են նաեւ նախագահի գործադրած ջանքերով»:

lragir.am-ը գրում է. - «Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանն իսկապես շատ ավելի հանդուրժող եւ երկխոսող նախագահ է, քան Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը: Սակայն, դա ամենեւին աներկբա չի ենթադրում, որ Սերժ Սարգսյանի համար դա առավելություն է նախորդ երկու նախագահների հանդեպ: Բանն այն է, որ երբ լսում ես Հայաստանի այն հիսուն կուսակցությունների ղեկավարներին, որոնք մասնակցել են հայտնի խորհրդակցությանն ու հետո կարծիքներ են հայտնում դրա եւ ընդհանրապես Ղարաբաղի հարցի մասին, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին լիովին հասկանում ես, թեեւ իհարկե նրանց կարելի էր հասկանալ անգամ խորհրդակցությունից առաջ էլ: Բանն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ, Ռոբերտ Քոչարյանն էլ, ինչ-ինչ, բայց այդ հարցում թերեւս ցուցաբերել են զարմանալի իրապաշտություն, համարժեքություն իրավիճակին, ռացիոնալ եւ արդարացի կառավարում: Ինչ պետք է լսես այն կուսակցություններից, որ կան այսպես կոչված քաղաքական դաշտում, երբ նրանց բոլորին երջանիկ լինելու համար պետք է ընդամենը տարին գոնե մեկ-երկու անգամ լինել նախագահից քսան-երեսուն մետր հեռավորության վրա: Ինչ կարող են ասել նրանք Ղարաբաղի, կամ պետության համար որեւէ այլ կարեւոր հարցի կապակցությամբ, եթե շաբաթվա յոթ օրվա ընթացքում նրանք պատրաստ են տասը բան ասել, նայած, թե ում պահանջն է ավելի ուժեղ` իրավիճակի, թե իշխանության»:

«Երկիր»-ը ՀՅԴ Բյուրոյի հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանին հարցրել է` Ձեր կարծիքով, ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Օբաման հավատարիմ կմնա՞ նախընտրական ծրագրի այն կետին, որը վերաբերում է հայկական հարցին եւ Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծին: Մանոյանը պատասխանում է. - «Օբաման Ցեղասպանության հարցի կամ Արցախի հիմնախնդրի կամ Հայաստան - Ամերիկա հարաբերությունների մասին եթե ինչ-որ խոստում տված լիներ, կարելի էր ինչ-որ տեղ վերապահությամբ մոտենալ: Բայց, նկատի ունենալով Օբամայի մոտեցումներն ընդհանրապես տարածաշրջանի` Իրանի, Ռուսաստանի, Իրաքի նկատմամբ, այս բոլորը հաշվի առնելով, հիմք կա ակնկալելու, որ Օբաման Ցեղասպանության ճանաչման մասին հայությանը տված իր խոստումները կիրականացնի, Արցախի, Հայաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG