Մատչելիության հղումներ

Հացադուլը Եռաբլուրում շարունակվում է


Չնայած իրավապահների հորդորներին ու պահանջներին` դադարեցնել հացադուլը Եռաբլուրում, բողոքի ակցիայի մասնակիցների թիվն այսօր երեկոյան ավելացել էր: Դեռեւս անորոշ ժամանակով հացադուլավորներին են միացել նաեւ երկու կին:

Կեսօրին հացադուլավորները միացել էին կառավարության առջեւ ի պաշտպանություն քաղբանտարկյալների անցկացվող բողոքի ցույցին, որից հետո իրենց իրավունքները պաշտպանելու համար դիմել էին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից էլ Եռաբլուր էին այցելել պաշտպանի ներկայացուցիչները, որոնք զրուցել էին ե’ւ ոստիկանների, ե’ւ հացադուլավորների հետ, ապա հայտնել հացադուլավորներին, որ նրանք իրավունք ունեն իրենց բողոքի ակցիան անցկացնել այդ վայրում:

Եռաբլուրում երեկ սկսված եռօրյա նախազգուշական հացադուլի անցկացման արգելումը իրավապահները բացատրում են նրանով, որ իբր հացադուլավորները քնում են եկեղեցում, աղտոտում եկեղեցին, եւ ընդհանրապես, ըստ իրավապահների, հացադուլավորներն իրավունք չունեն այդ վայրում ակցիա անցկացնել: Ակցիայի մասնակիցներն էլ իրենց հերթին պնդում են, թե ոստիկանների ասածներն իրականությանը չեն համապատասխանում:

«Արգելել ակցիաներ, որոնք ըստ էության օրենքին չեն հակասում, արդեն անօրինականություն է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հելսինկյան ընկերակցություն միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Միքայել Դանիելյանը: - «Երեւի դա ճնշում է վերեւից, եւ զարմանում եմ, թե ինչու է այդ ճնշումը կատարվում, որովհետեւ մարդիկ որոշել են, որ իրենք արյուն են թափել Արցախի համար, [մարդիկ] որոնք, իրոք, ընկերներ են կորցրել այնտեղ, ուզում իրենց ընկերների հետ միասին [լինել]... Դա, երեւի, նաեւ սիմվոլիկ ինչ-որ բնույթ ուներ: Ինձ թվում է, այդտեղ որեւէ պրոբլեմ չկար, եւ մարդիկ կարող էին երեք օր հացադուլ հայտարարել... Ինձ թվում է, դա լրիվ անօրինականություն է ոստիկանության կողմից»:

Գյումրիից ղարաբաղյան պատերազմի մի խումբ մասնակիցներ եւս աջակցություն են հայտնել իրենց մարտական ընկերներին: Նրանցից մեկը` Ժորա Աթոյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Մենք ողջունում ենք մեր ընկերների այն քայլը, որ հանուն Արցախի մարդիկ հայտարարել են հացադուլ: Շարունակական լինելու դեպքում մի խումբ ազատամարտիկներով մենք հաստատ միանալու ենք այդ հացադուլին եւ մնացած բոլոր ակցիաներին, որ կկազմակերպվեն Ղարաբաղի հարցի շուրջ»:

Գյումրիից իր մտահոգությունն է հայտնել նաեւ արցախյան պատերազմի մասնակից Արմեն Զաքարյանը. - «Ազատամարտիկը պահանջ է դրել` մի’ տուր իմ հայրենիքը ուրիշին, թշնամուն մի’ տուր: Եվ դրա համար էլի հայրենի իշխանությունները ճնշում են: Ես վստահ եմ, որ այս ակցիաները լինելու են շարունակական եւ իրենց տրամաբանական ավարտը ունենալու են համազգային ընդվզման արդյունքում»:

Օրվա երկրորդ կեսին Եռաբլուրի մոտակայքում ոստիկանության մի քանի ավտոմեքենաներ էին կայանված, որոնցից միայն մեկում կային իրավապահ մարմնի ներկայացուցիչներ:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG