Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը սպառնում է արտաքսել արտասահմանցի ուսանողներին


«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն անդամ Մհեր Հակոբյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ բուհերը եւ Հայաստանի ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը ունեն համաձայնություն, ըստ որի ուսանողների վիզայի երկարացման հարցերով զբաղվում են բուհերը, համապատասխան ծախսերն էլ ներառված են արտասահմանցի ուսանողների ուսման վճարի մեջ:

«Բուհերը չեն կատարել իրենց պարտականությունը եւ օվիրը [Անձնագրերի եւ վիզաների վարչությունը] դիմել է ոստիկանության միջամտությանը», - ասաց Հակոբյանը:

Ուսանողներին Հայաստանում ժամանակավոր կեցության իրավունք տրվում է մեկ տարով: Սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, երբ ուսանողները կարող էին վիզան թարմացնել մինչեւ հոկտեմբերի 1-ը, այս տարի Անձնագրերի եւ վիզաների վարչությունը վերջնաժամկետ է սահմանել օգոստոսի 20-ը:

Ուսանողական միության սփյուռքահայ անդամ Անի Ազատ Գոլի. - «Մենք ամռանը պարտավոր չենք մնալ այստեղ, սեպտեմբերին ենք վերադառնում Հայաստան: Մեզ ոչ ոք չի զգուշացրել, որ պետք է շուտ վերադառնալ»:

Երիտասարդները տեղեկացրին, որ կրթության եւ գիտության նախարարի միջամտությամբ ոստիկանությունը երկրից արտաքսելու սպառնալիքներով այլեւս չի անհանգտացնի ուսանողներին մինչեւ հարցի լուծումը: Ուսանողները, մինչդեռ, դիմել են իրենց երկրների դեպանատներ, որտեղ ոչնչով չեն կարողացել օգնել:

Սփյուռքի նախարարությունում ուսանողներին խորհուրդ են տվել մուծել տույժերը` խուսափելու համար հետագա անախորժություններից:

Միայն Եվրոպական համալսարանն է պատրաստակամություն հայտնել ուսանողների տույժերը վերցնել իր վրա:

Միայն Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, որտեղ արտասահմանցի ուսանողները քիչ են, հասցրել են ամռանը տեղյակ պահել իրենց ուսանողներին, որ այս տարի վիզան պետք է օգոստոսին թարմացնել:

Մյուս բուհերը առայժմ հրաժարվում են զբաղվել այս հարցով.

«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության տվյալներով, Հայաստանում շուրջ 5 հազար արտասահմանցի ուսանող է սովորում: Նրանց շուրջ կեսը ստիպված է եղել արդեն մուծել 50-ից 100 հազարական դրամները: Միության անդամ Հայկ Ասատրյանը վստահ չէ, որ եթե խնդիրը կարգավորվի, ուսանողների գումարները հետ են վերադարձնելու: Նա պնդում է, որ կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը հրահանգել է բոլոր բուհերին հարցն անմիջապես լուծել հօգուտ ուսանողների. այսինքն` բուհը ի հաշիվ նրանց ուսման վարձերի մուծի վիզայի չերկարաձգման համար առաջացած տույժերը:

Մինչդեռ ԵՊՀ-ի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կարեն Գրիգորյանի խոսքով, այդ մասին միայն բանավոր զրույցներ են եղել, ոչ ավելին. - «Եթե գրավոր հահանգ լինի, գուցե քննարկվի նաեւ այն տարբերակը, որ համալսարանը մուծի այդ տույժերը»:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG