Մատչելիության հղումներ

Հայաստանը չի հաստատել իր մասնակցությունը Բաքվում անցկացվելիք համաժողովին


Հայաստանը չի հաստատել իր մասնակցությունը Եվրախորհրդի անդամ երկրների մշակույթի նախարարների համաժողովին, որը նախատեսված է դեկտեմբերի 2-3-ը Բաքվում:

Ինչպես «Նովոստի-Ազերբայջան»-ին փոխանցել է Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աբուլֆազ Գարաեւը, «Հայաստանը Եվրոպայի խորհրդից ստացել է համաժողովի աշխատանքներին մասնակցության հրավեր, սակայն մասնակիցների պաշտոնական գրանցումը արդեն ավարտված է, եւ Հայաստանը չի հաստատել իր մասնակցությունը»:

«Մենք, այդուհանդերձ, սպասում ենք, որ Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի, եւ այդ դեպքում նրանց համար կստեղծվեն բոլոր նույն պայմանները, ինչ մյուս մասնակիցների համար», - վստահեցրել է Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարը:

«Միջմշակութային երկխոսությունը` Եվրոպայում եւ հարեւան տարածաշրջաններում կայուն զարգացման եւ խաղաղության հիմք» խորագրով համաժողովին ակնկալվում է նաեւ Արաբական երկրների լիգայի եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG