Մատչելիության հղումներ

Միջազգային ճգնաժամային խումբ. «Վրաստանում պետք են քաղաքական ու տնտեսական կտրուկ բարեփոխումներ»


Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումը Վրաստանում ժամանակավորապես ամրապնդել է նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի դիրքերը, սակայն եթե նա չձեռնարկի քաղաքական եւ տնտեսական կտրուկ բարեփոխումներ, վրաց հասարակության շրջանում կխորանա հիասթափությունը` կապված օգոստոսյան պատերազմի հետ: Այս կարծիքն է հայտնում Միջազգային ճգնաժամային խումբը իր վերջին զեկույցում:

Փորձագետներն արձանագրում են,որ անջատողական տարածաշրջաններում Ռուսաստանի քաղաքականությունը վրաց ժողովրդի զայրույթն ու ուշադրությունը անմիջապես կենտրոնացրել է Մոսկվայի վրա: Բայց քանի որ Վրաստանի տնտեսության վրա արդեն զգացվում է օգոստոսյան պատերազմի ու համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը, տնտեսական պայմանների զգալի վատացումը կարող է անմիջականորեն հանգեցնել սոցիալական դժգոհության աճի, ինչն էլ կարող է բարենպաստ միջավայր ստեղծել ընդդիմության գործողությունների համար:

«Բայց անորոշ է, թե ո՞վ կարող է իրավիճակը ծառայեցնել քաղաքական զգալի փոփոխությունների, որովհետեւ ընդդիմության շրջանում կան ե’ւ գաղափարական, ե’ւ անձնական տարաձայնություններ», - նկատում է Միջազգային ճգնաժամային խումբը:

Անդրադառնալով խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի ընդդիմադիր գործունեությանը` զեկույցի հեղինակները նշում են, որ թեեւ նա փորձում է իր շուրջը համախմբել հայտնի ընդդիմադիր գործիչների` Սահակաշվիլիի դեմ կոալիցիա ստեղծելու համար, սակայն նրան կարող են խանգարել երկու գործոններ. նախ, որ Բուրջանաձեն դեռ շուրջ մեկ տարի առաջ Սահակաշվիլիի թիմում էր եւ 2007-ի նոյեմբերի 7-ին ընդդիմության խաղաղ ցույցը բռնությամբ ցրելուց հետո արդարացնում էր իշխանությունների գործողությունները, եւ երկրորդ` նրա ծնողները սերտ կապեր են ունեցել նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի վարչակազմի հետ:

«Անորոշ է նաեւ` արդյոք իշխանություններն ու ընդդիմությունը կարո՞ղ են համագործակցել եւ թուլացնել լարվածությունը», - արձանագրում է զեկույցը: - «Շատ բան կախված է նրանից, թե արդյո՞ք կառավարությունը կիրագործի այն բարեփոխումները, որոնցից շատերի անհրաժեշտությունը Ճգնաժամային խումբը դեռ մեկ տարի առաջ է ընդգծել»:

«Մինչ օգոստոսյան ճգնաժամը այդ հարցում գործնականում որեւէ տեղաշարժ չի եղել, այժմ մասնակի առաջխաղացում նկատելի է», - նշում են փորձագետները` մանրամասնելով, որ խոսքը վերաբերում է հեռուստատեսությունների նկատմամբ վերահսկողությունը վերացնելու, անկախ դատական համակարգ ստեղծելու, կոռուպցիայի դեմ պայքարի, ընտրական օրենսգրքում փոփոխությունների առաջարկներին:

«Եթե կառավարությունը չկարողանա կատարել այդ ամենը, ապա երկիրը կարող է զրկվել միջազգային հանրության բարյացակամությունից եւ պատերազմի հետեւանքները վերացնելու համար միջազգային դոնորների խոստացած 4,5 միլիարդ դոլարի օգնության մի մասից», - արձանագրում է Միջազգային ճգնաժամային խումբը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG