Մատչելիության հղումներ

Գագիկ Ջհանգիրյան. «Քաղաքական հաշվեհարդարը այսօր մեր իրականության մեջ գործում է»


Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը անցյալ շաբաթ բավականին խիստ գնահատականներ հնչեցրեց մարտի 1-ի քրեական գործերով դատավարությունների կապակցությամբ` դրանք, լրատվամիջոցների փոխանցմամբ, բնորոշելով «քաղաքական վենդետա»: Հետընտրական իրադարձությունների կապակցությամբ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով կալանավորված Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը երեկ, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, ասաց, որ «քաղաքական հաշվեհարդարը (կամ Համմարբերգի խոսքով` վենդետան) այսօր մեր իրականության մեջ գործում է»:

«Գործում է նաեւ արյան վրեժի ինստիտուտը», - շարունակեց նա: - «Բազմաթիվ դեպքեր ունենք, երբ սպանություն կատարողներին չեն բացահայտում, չեն պատժում, հետո սպանվածի հարազատը կամ բարեկամը սպանում է այդ սպանություն կատարողին: Որովհետեւ, եթե օրենքը չի գործում, մարդիկ պիտի փորձեն իրենց հարցերը լուծեն իրենց միջոցներով»:

«Մարտի 1-ի գործ քրեաիրավական առումով, ես որպես քրեական իրավունքի շատ թե քիչ հայտնի մասնագետ եմ ասում` այդպիսի հանցակազմ գոյություն չունի: Իշխանության յուրացում ընդդիմության եւ ոչ մի ներկայացուցիչ չի կատարել», - պնդեց նա:

Մարտի 1-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Գագիկ Ջհանգիրյանը ասաց, թե ժողովրդին բռնի ուժով, ապօրինաբար հանել են հրապարակից եւ «հետապնդում էին ամբողջ քաղաքով մեկ»:

Հարցին, թե կարող էին իրապահները օրենքի շրջանակներում դադարեցնել նստացույցը, Ջհանգիրյանը արձագանքեց. - «Ոչ, չէին կարող դադարեցնել, որովհետեւ դադարեցնելու համար որոշակի պրոցեդուրա է նախատեսում այդ օրենքը: Այսինքն, խնդիրը դրված էր ամեն կերպ մաքրել [հրապարակը]»:

Հարցին, թե ինչպես է գնահատում այն, որ առ այսօր որեւէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել` մանավանդ, երբ հայտնի են 10 զոհերի մահվան հանգամանքները, Ջհանգիրյանը պատասխանեց. - «Չեն էլ կարող ենթարկել»: Նրա համոզմամբ, եթե կանչեն, կպարզվի, որ հրամանը տվել է երկրի նախագահը. - «Դրա համար էլ չեն կարող որեւէ ոստիկանի, ում հրազենի արձակած կրակոցից որեւէ մեկը մահացել է, բերել քրեական պատասխանատվության ենթարկել, որովհետեւ նա անմիջապես կասի, թե ով է այդ ապօրինի հրամանը տվել»:

Գագիկ Ջհանգիրյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանեց մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ երեկ շարունակվում էր նրա նկատմամբ հարուցված քրեական գործով դատավարությունը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG