Մատչելիության հղումներ

logo-print

«Եվրամիությունը չի անտեսի Թուրքիայի կողմից բարեփոխումների դանդաղեցումը»


Եվրամիությունը չի անտեսի Թուրքիայի կողմից բարեփոխումների դանդաղեցումը` որպես տարանցիկ ճանապարհ այդ երկրի ռազմավարական կարեւորության եւ տարածաշրջանում աճող դիվանագիտական ազդեցության պատճառով: Այդ մասին հայտարարել է երկօրյա փաստահավաք առաքելությամբ Անկարայում գտնվող Եվրախորհրդարանի պատվիրակությունը:

«Թուրքիան դրական դեր է խաղում արտաքին քաղաքական հարցերում եւ տարածաշրջանում առկա հակամարտությունների նկատմամբ իր մոտեցմամբ, սակայն դա արդարացում չէ քաղաքական օրակարգով չզբաղվելու համար», - «Ռոյթերզ» գործակալությանը ասել է Եվրախորհրդարանի հոլանդացի պատգամավոր Ռիա Օոմեն Ռուիյտենը:

Ռուիյտենը, ով Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի զեկույցի նախագծի հեղինակն է, կարծիք է հայտնել, որ կա’մ Թուրքիան պետք է արագացնի բարեփոխումները, կա’մ կվտանգվի Եվրամիությանը այդ երկրի անդամակցության հեռանկարը:

«Մենք լճացում ենք տեսնում բարեփոխումների գործընթացի քաղաքական չափանիշի առումով: Բարեփոխումների գործընթացի սիրտը քաղաքական բարեփոխումներն են», - հայտարարել է Օոմեն Ռուիյտենը:

«Ռոյթերզ»-ի տեղեկություններով` Եվրախորհրդարանը հաջորդ շաբաթ հրապարակելիք զեկույցում ողջունելու է Թուրքիային իր արտաքին քաղաքականության եւ հատկապես Հայաստանի հետ մերձեցմանը ուղղված քայլերի համար, սակայն վերահաստատելու է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի բարելավման, արդարադատության համակարգի բարեփոխման եւ զինվորականության ազդեցության նվազեցման կոչերը:

Եվրախորհրդարանի մեկ այլ պատգամավոր` Յոոստ Լագենդիյկը հայտարարել է, թե իրեն հատկապես մտահոգում է դանդաղ առաջընթացը խոսքի ազատության եւ քրդերի իրավունքների հետ կապված հարցերում:

«Տպավորություն կա, թե քանի որ Թուրքիան ռազմավարական նման կարեւորություն ունի, կառավարությունում ոմանք հավատում են, որ բարեփոխումները կարող են սպասել, եւ կառավարությունը կարող է անել ինչ ուզում է», - ասել է Լագենդիյկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG