Մատչելիության հղումներ

Ռուսաստանը բարեկամ երկիր են համարում հայաստանցիների 80 տոկոսից ավելին


Նախկին խորհրդային երկրներում անցկացված հարցումը ցույց է տալիս, որ Ռուսաստանը որպես բարեկամ երկիր ամենաշատը ընկալում են Հայաստանի քաղաքացիները:

Հարցումը անցկացրել է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը` փորձելով պարզել, թե նախկին խորհրդային երկրները ո՞ւմ են համարում եւ ո՞ւմ հատ կցանկանային միություն կազմել:

Ըստ այդ հարցումների` հայաստանցիների 82 տոկոսը Ռուսաստանը համարում են բարեկամ երկիր, Վրաստանը որպես բարեկամ երկիր ընդունում են 16 տոկոսը, եւ միայն 1 տոկոսը նշել են Ադրբեջանը:

Ինչ վերաբերում է միություն կազմելու հարցին, հայաստանցիների 67 տոկոսը կողմ են Ռուսաստանի հետ միություն կազմելուն, իսկ 23 տոկոսը գտնում են, որ որեւէ միության անհրաժեշտությունը չկա:

Ադրբեջանցիների 39 տոկոսը գտնում են, որ թվարկված` ԱՊՀ-ի եւ Բալթյան երկրներից ոչ մեկը Ադրբեջանին բարեկամ չէ: 21 տոկոսը գտնում են, որ Վրաստանն է բարեկամ երկիր, 20 տոկոսը բարեկամ երկիր են համարում Ուկրաինան: Ադրբեջանցիների 31 տոկոսը կողմ է Թուրքիային միանալուն, 24 տոկոսը` Եվրամիությանը:

Ադրբեջանում Հայաստանը որպես բարեկամ երկիր ընդհանրապես չեն նշել. հարցման ամբողջ աղյուսակում սա միակ զրոն է:

Վրաստանի բնակիչները բարեկամ երկիր են համարում Ուկրաինան` այդ կարծիքն են հայտնել հարցվածների 69 տոկոսը, հետո նշել են Ադրբեջանը, Բալթյան երկրները: Վրացիների 15 տոկոսն են Հայաստանը բարեկամ երկիր համարում:

Ռուսաստանցիները որպես բարեկամ երկիր առաջինը նշել են Բելառուսը` հարցվածների 48 տոկոսը, երեքից մեկը բարեկամ երկիր է համարում Ուկրաինան, Ղազախստանը: Հայաստանը որպես բարեկամ երկիր ընկալում են ռուսաստանցիների 18 տոկոսը: Աղյուսակը եզրափակում են Բալթյան երեք երկրները, որոնցից յուրաքանչյուրին ռուսաստանցիների միայն 4 տոկոսն են բարեկամ երկիր համարում:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG