Մատչելիության հղումներ

Աննա Պոլիտկովսկայայի սպանության գործով դատավարությունը ուղեկցվում է սկանդալներով


Այսօր Մոսկվայի զինվորական դատարանը կշարունակի «Նովայա գազետա» թերթի թղթակից Աննա Պոլիտկովսկայայի սպանության գործի քննությունը:

Նոյեմեբերի 19-ին դատավոր Եվգենի Զուբովը հայտարարեց, թե նիստերը փակ են լինելու մամուլի համար, քանի որ երդվյալ ատենակալները չեն ցանկանում բացահայտել իրենց ինքնությունը: Մեկ օր անց դատավորը ստիպված եղավ չեղյալ հայտարարել իր իսկ որոշումը, երբ ատենակալների կոլեգիան դիմեց դատարանին` հայտնելով, թե դեմ չէ լրատվամիջոցների ներկայությանը:

Դատավորի անհետեւողական պահվածքը ստիպել է գլխավոր դատախազությանը բացարկ հայտարարել նրան: Դատարանը բացարկը քննության կառնի այսօրվա դատական նիստի ընթացքում:

Երեկվա դատական նիստից անմիջապես հետո ամբաստանյալներից մեկի փաստաբանը` Մուրադ Մուսաեւը հայտարարել էր. - «Գործի նյութերում հստակ տեղեկատվություն կա, թե որոնք են հանցագործության դրդապատճառները, ովքեր են այն պատվիրել: Հստակեցված է նաեւ պատճառը, որը ստիպել է պատվիրել Պոլիտկովսկայայի սպանությունը. դա լրագրողի` որոշ քաղաքական գործիչների մասին վարկաբեկիչ բացահայտումներ պարունակող հրապարակումներն էին»:

Նախկինում գլխավոր դատախազությունը պնդում էր, թե սպանության պատվիրատուն գտնվում է Ռուսաստանի սահմաններից դուրս եւ պատվիրելով այս հանցագործությունը` նպատակ էր հետապնդում ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը: Այս համատեքստում լրատվամիջոցներում պարբերաբար շրջանառվում էր ռուսաստանցի նախկին օլիգարխ Բորիս Բերեզովսկու անունը:

Այժմ, սակայն, ըստ Մուսաեւի, մեղադրող կողմը հանգել է միանգամայն այլ եզրակացությունների: «Պատվիրատուն Ռուսաստանի Դաշնության տարածքում գործող քաղաքական գործիչ է, որն էլ պատվիրել է այս հանցագործությունը` Աննա Պոլիտկովսկայային մի շարք քննադատական հոդվածների համար պատժելու նպատակով», - հայտարարել է փաստաբանը:

Այդուհանդերձ, քննչական մարմինն այդպես էլ չի հստակեցրել, թե ով է լրագրողի սպանությունը պատվիրած քաղաքական գործիչը:

Հանցագործությանը անմիջական մասնակցություն ունենալու մեղադրանքով դատարանի առջեւ են կանգնել Չեչնիայի երկու բնակիչներ եւ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության երկու նախկին աշխատակիցներ. վերջիններս մեղադրվում են Պոլիտկովսկայայի սպանության օպերատիվ ապահովումն իրականացնելու մեջ: Սպանության անմիջական կատարման համար մեղադրվող` չեչեն Ռուստամ Մահմուդովին հաջողվել է լքել Ռուսաստանի տարածքը, եւ նա այժմ միջազգային հետախուզման մեջ է:

Աննա Պոլիտկովսկայան սպանվել է 2006 թվականի հոկտեմբերին:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG