Մատչելիության հղումներ

Տղամարդկանց Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ Դրեզդենում անցկացվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում` պաշտպանելով երկու տարի առաջ նվաճած օլիմպիական չեմպիոնի տիտղոսը:

Նոյեմբերի 25-ին կայացած վերջին տուրում Հայաստանի թիմը 2,5:1,5 հաշվով հաղթեց Չինաստանի հավաքականին. Տիգրան Պետրոսյանը առավելության հասավ Լի Չաոյի նկատմամբ, մյուս երեք հանդիպումները ավարտվեցին ոչ-ոքի:

Ուկրաինայի հավաքականը, որի հետ Հայաստանի թիմը մինչեւ վերջին տուրը կիսում էր առաջին երկու տեղերը, երեկ պարտություն կրեց ԱՄՆ-ի հավաքականից:

Տղամարդկանց մրցաշարում երկրորդ տեղը գրավեց Իսրայելի հավաքականը, երրորդը` ԱՄՆ-ի թիմը:

Կանանց մրցաշարում Հայաստանը գրավեց վեցերորդ տեղը: Առաջին երեք տեղերը գրավեցին, համապատասխանաբար, Վրաստանի, Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի հավաքականները:

Շախմատային օլիմպիադայի վերջին տուրի հանդիպմանը ներկա գտնվելու համար երկուշաբթի օրը Դրեզդեն էր մեկնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց Օլիմպիադայում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ` Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Վանիկ Զաքարյանը, «անցյալ անգամ Իտալիայում մեր հավաքականը դարձավ չեմպիոն, եւ հիմա` երկրորդ անգամ անընդմեջ, դառնում է օլիմպիական չեմպիոն, որը մեզ նման փոքր երկրի համար շատ զարմանալի արդյունք է, հոյակապ արդյունք է»:

Նրա փոխանցմամբ` Հայաստանի նախագահը երկուշաբթի երեկոյան հանդիպել է տղամարդկանց եւ կանանց հավաքականների հետ, երեկ խաղի սկզբից եկել է սրահ, նա եւ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը կատարել են առաջին քայլերը Լեւոն Արոնյանի պարտիայում. - «Քանի որ Արոնյանը խաղում էր սեւերով, սպիտակների քայլը կատարեց Իլյումժինովը, սեւերի քայլը կատարեց Սերժ Սարգսյանը: Մինչեւ խաղի վերջը նախագահը եղել է դահլիճում, դիտել է խաղը»:

«Մեր թիմը ընդհանուր վարկանիշային ցուցակով Օլիմպիադայում 9-րդն էր, բայց մեր թիմի նման համերաշխ, կազմակերպված թիմ չկա Օլիմպիադայի մասնակիցների մեջ, եւ հաղթանակը լրիվ օրինաչափ է», - վստահեցրեց Վանիկ Զաքարյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, հայաստանցի շախմատիստները Երեւան կժամանեն այսօր երեկոյան` նախագահական օդանավով:

«Ժամը 18:00-ին Երեւանի օդանավակայանում մեր տղաները վայրէջք կկատարեն` երկրի նախագահի հետ», - ասաց Լպուտյանը:

Երեկ հայտարարությամբ է հանդես եկել Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը, որում «սրտանց շնորհավորում է Հայաստանի շախմատի հավաքականին, մեր ողջ ժողովրդին, բոլոր նրանց, ովքեր այս օրերին սրտատրոփ երկրպագում էին մեր տղաների ու աղջիկների հաջողության համար»:

«Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը կրկին մեզ պարգեւեց հպարտության մեծագույն զգացում` փայլուն հանդես գալով Դրեզդենում անցկացվող շախմատի համաշխարհային օլիմպիադայում եւ պահպանելով չեմպիոնի կոչումը: Հայկական շախմատը մեր փառապանծ տղաների շնորհիվ վերստին ապացուցեց, որ պատրաստ է եւ ունակ նվաճել շախմատային աշխարհի բոլոր բարձունքները», - ասված է, մասնավորապես, հայտարարությունում:


Հրայր Թամրազյան, Պրահա եւ Աստղիկ Բեդեւյան, Երեւան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG