Մատչելիության հղումներ

Պատգամավորները բյուջեի նախագծի վերաբերյալ մոտ 500 առաջարկ են ներկայացրել


Վաղը Ազգային ժողովի արտահերթ նիստում կքննարկվի Հայաստանի 2009 թվականի պետական բյուջեի նախագիծը: Պատգամավորները ներկայացրել են շուրջ 500 առաջարկ, որոնց ընդունվելու դեպքում բյուջեի ծախսերը կավելանան շուրջ 25 միլիարդ դրամով:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ իր ղեկավարած խմբակցությունը ներկայացրել է շուրջ 200 առաջարկ, որոնք հիմնականում վերաբերում են` «կրթական համակարգի, դպրոցների շենքերի վերանորոգման հարցերին»:

Խորհրդարանի ամենափոքր խմբակցությունը` «Ժառանգություն»-ը, ներկայացրել է 40 առաջարկ, անդրադառնալով դպրոցաշինության խնդիրներին: Ստեփան Սաֆարյանը, մասնավորապես նշեց, որ «բավականին ուռճացված են» պետական հաստատությունների պահպանության ծախսերը, որոնցից «խնայված միլիարդների հաշվին», ըստ պատգամավորի, կարելի է իրականացնել «այլ սոցիալական եւ կենսական նշանակություն ունեցող ծրագրեր»:

Ստեփան Սաֆարյանը նաեւ մեկնաբանեց «Ժառանգություն» խմբակցության առաջարկը` Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ֆինանսավորումը դադարեցնելու մասին. - «Առաջարկի հեղինակը Անահիտ Բախշյանն է, որը գտնում է, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը իր կանոնադրական լիազորությունները չի կատարում եւ դրա համար հարկատուների հաշվին պետք չէ գումարներ տրամադրել», - ասաց Սաֆարյանը:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG