Մատչելիության հղումներ

Հայաստանը` Շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն


Տղամարդկանց Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ Դրեզդենում անցկացվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում` պաշտպանելով երկու տարի առաջ նվաճած օլիմպիական չեմպիոնի տիտղոսը:

Այսօր կայացած վերջին տուրում Հայաստանի թիմը 2,5:1,5 հաշվով հաղթեց Չինաստանի հավաքականին. Տիգրան Պետրոսյանը առավելության հասավ Լի Չաոյի նկատմամբ, մյուս երեք հանդիպումները ավարտվեցին ոչ-ոքի:

Ուկրաինայի հավաքականը, որի հետ Հայաստանի թիմը մինչեւ վերջին տուրը կիսում էր առաջին երկու տեղերը, այսօր պարտություն կրեց ԱՄՆ-ի հավաքականից:

Շախմատային օլիմպիադայի վերջին տուրի հանդիպմանը ներկա գտնվելու համար երեկ Դրեզդեն է մեկնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց Օլիմպիադայում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ` Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Վանիկ Զաքարյանը, «անցյալ անգամ Իտալիայում մեր հավաքականը դարձավ չեմպիոն, եւ հիմա` երկրորդ անգամ անընդմեջ, դառնում է օլիմպիական չեմպիոն, որը մեզ նման փոքր երկրի համար շատ զարմանալի արդյունք է, հոյակապ արդյունք է»:

Նրա փոխանցմամբ` Հայաստանի նախագահը երեկոյան հանդիպել է տղամարդկանց եւ կանանց հավաքականների հետ, այսօր խաղի սկզբից եկել է սրահ, նա եւ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը կատարել են առաջին քայլերը Լեւոն Արոնյանի պարտիայում. - «Քանի որ Արոնյանը խաղում էր սեւերով, սպիտակների քայլը կատարեց Իլյումժինովը, սեւերի քայլը կատարեց Սերժ Սարգսյանը: Մինչեւ խաղի վերջը նախագահը եղել է դահլիճում, դիտել է խաղը»:

«Մեր թիմը ընդհանուր վարկանիշային ցուցակով Օլիմպիադայում 9-րդն էր, բայց մեր թիմի նման համերաշխ, կազմակերպված թիմ չկա Օլիմպիադայի մասնակիցների մեջ, եւ հաղթանակը լրիվ օրինաչափ է», - վստահեցրեց Վանիկ Զաքարյանը:


Հրայր Թամրազյան, Պրահա

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG