Մատչելիության հղումներ

Դավիթ Շահնազարյան. «Երեք զորամասերում էլ պետք է լինեին դիպուկահարներ»


Մարտի 1-2-ի դեպքերին մասնակցել են ներքին զորքերի երեք ստորաբաժանումներ: Այդ մասին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, Ազգային անվտանգության վարչության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ:

«Մարտի 1-ի այդ գործողություններին մասնակցել են 10.32 ստորաբաժանումը, 10.33-ը եւ 10.35-ը: Ըստ իրենց հայտարարությունների, այդ երեք զորամասերում էլ պետք է լինեին դիպուկահարներ: Ինչո՞ւ են խոսում միայն մեկի մասին, չէ՞ որ պնդում են, որ հաստիքացուցակով նախատեսված է», - ասաց Շահնազարյանը:

Ազգային անվտանգության վարչության նախկին ղեկավարը նաեւ պնդեց, որ դիպուկահարները, որպես կանոն, միայնակ չեն գործում. - «Միշտ լինում է օգնական, կամ ինչպես ասում են` համար երկու: Կողքից օգնականը, նայելով հեռադիտակով, տեսնում է շատ ավելի մեծ դաշտ եւ դիպուկահարին օգնում է կողմնորոշվել: Ո՞ւր են օգնականի ցուցմունքները»:

Անցած շաբաթ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը լրագրողներին էր ներկայացրել մի ձայնագրություն, որտեղ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը արտասահմանցի մի լրագրողի ասել է, թե մարտի 1-ի երեկոյան Մյասնիկյանի արձանի շրջակայքում դիպուկահար է գործել:

Թե’ Նիկոյանը, թե’ Հատուկ քննչական ծառայությունը եւ թե’ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հաստատել են այդ իրադարձությունների ժամանակ դիպուկահարի ներկայությունը, միաժամանակ հավաստիացնելով, որ դիպուկահարը մեկն է եղել:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG