Մատչելիության հղումներ

Հռոմի կաթոլիկ եկեղեցին ընդունում է Հայոց ցեղասպանությունը որպես փաստ` հայտարարել է Վատիկանի մի բարձրաստիճան հոգեւորական: Հաղորդելով այդ մասին` թուրքական «Անատոլիա» գործակալությունը հավելում է, թե նման հայտարարությունը կարող է խաթարել հայ-թուրքական հարաբերություններում նշմարվող հաշտեցման մթնոլորտը:

«Հայոց ցեղասպանությունը փաստ է: Վատիկանի դիրքորոշումն այս հարցում հայտարարվել էր դեռեւս 2001 թվականին` հանգուցյալ Հովհաննես Պողոս երկրորդի հայաստանյան այցի ժամանակ: Պապը Երեւանում այցելել էր ցեղասպանության հուշարձան եւ օգտագործել «ցեղասպանություն» բառը», - Վատիկանի ռադիոյին ասել է Քրիստոնեական միասնության հարցերով պապական խորհրդի նախագահ կարդինալ Վալտեր Կասպերը:

Կարդինալի այս մեկնաբանությունը հետեւել է Վատիկանում երկուշաբթի օրը կայացած` Հռոմի պապ Բենեդիկտոս տասնվեցերորդի եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինի հանդիպմանը:

«Ցեղասպանությունը լոկ պնդում չէ, այլ իրականություն է: Նման հանցանքները վաղեմության ժամկետ չեն ունենում: Սա պատմական փաստ է` բազմաթիվ զոհերով, եւ հիշողություն, որ պետք է ապաքինվի: Ես չգիտեմ, ինչ կարող է անել Վատիկանը` մեղմելու հայ-թուրքական հարաբերությունները: Նախ եւ առաջ, Կաթոլիկ եկեղեցին միշտ զոհերի կողմն է, եւ Վատիկանի վարվելակերպը պայմանավորված է հենց այս կարեւորագույն սկզբունքով», - հայտարարել է կարդինալ Կասպերը:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG