Մատչելիության հղումներ

logo-print

Գալուստ Սահակյանը վտանգավոր չի համարում Թոմաս Համմարբերգի գնահատականները


Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը վտանգավոր չի համարում շաբաթ օրը Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի տված բացասական գնահատականները մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ հարուցված քրեական գործերի ընթացքի վերաբերյալ:

«Ես չեմ կարծում, որ Համմարբերգի հայտարարությունները շատ սաստող են եւ կանխորոշիչ են լինելու մարտի 1-2-ի դեպքերի հետ կապված գործընթացների [համար]», - երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց Գալուստ Սահակյանը: - «Բնականաբար, ավելի մեղմ գնահատականի էի սպասում, քան կա: Իմ տեսակետն է, որ մենք բավականին առաջ ենք անցել անազատության մեջ գտնվողների հարցում, բավականին գործեր կարճվել են, խափանման միջոցներ են փոխվել»:

Գալուստ Սահակյանը նաեւ ասաց, որ վտանգավոր չի համարում Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հայտարարությունը այն մասին, որ իր կողմից պատրաստած զեկույցը «էական նշանակություն կունենա» Հայաստանի կողմից թիվ 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջների կատարման վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կայացնելիք վճռի վրա, ընդհուպ մինչեւ` «Հայաստանի պատվիրակությանը ձայնից զրկելը»:

Սահակյանը, մասնավորապես, դժգոհեց, որ Թոմաս Համմարբերգի «մոտեցումները ավելի շատ քաղաքական, քան իրավական» դաշտում էին:

Նախկին արտգործնախարար, «7-ի գործով» կալանավորված Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Թոմաս Համմարբերգը ճիշտ գնահատականներ է տվել մարտի 1-ից հետո Հայաստանում տիրող իրավիճակին:

«Շատ գոհ ենք, ինձ թվում է` նա ճիշտ հասկացողություն է ունեցել: Մեզ հետ զրուցեց, հետո մեր ամուսիններից մի քանի հոգու հետ զրուցեց, հետո գնաց իշխանության հետ զրուցեց ու ինչ որ ասել է իր ասուլիսում, հենց այն է, ինչ որ մենք ենք հասկանում», - ասաց Մելիսա Բրաունը:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG