Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների մեկ երրորդը դեմ է նախագահի պաշտոնավարման ժամկետի երկարաձգմանը


Ռուսաստանցիների շուրջ 30 տոկոսը դեմ են երկրի նախագահի պաշտոնավարման ժամկետի երկարաձգմանը: Նրանք մտավախություն ունեն, որ այդպիսով երկրում կծաղկի կոռուպցիան, կհաստատվի «միապետական համակարգ», քանի որ նախագահի` 4-ի փոխարեն 6, իսկ երկու ժամկետով` 12 տարի պաշտոնավարումը չի կարող չհանգեցնել իշխանությունը լճացման` իր բոլոր բացասական հետեւանքներով:

Նման պատկեր է արձանագրել Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը վերջերս կատարած հետազոտության արդյունքում:

Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի տվյալ նախաձեռնությանը դեմ են արտահայտվել առավելապես Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի բնակիչները: Ընդ որում, նրանց 12 տոկոսը իշխող «Եդինայա Ռոսիյա» կուսակցության կողմնակիցներ են:

Նախագահի պաշտոնավարման ժամկետի երկարաձգմանը կողմ ռուսաստանցիների թիվը շուրջ ավելի քան երկու անգամ ավելի է` 67 տոկոս: Նրանք կարծիք են հայտնել, թե կարիք չկա նախագահին հաճախակի փոխել, եւ եթե նա լավ ղեկավար է, երկիրը ճիշտ ուղղությամբ է տանում` թող երկար մնա նախագահի պաշտոնում:

Ռուսաստանի Պետդուման արդեն երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է նախագահի եւ խորհրդարանի լիազորությունների ժամկետը երկարաձգելու մասին օրինագիծը: Նախագահ Մեդվեդեւի առաջարկած փոփոխությունները այժմ ներկայացվելու են Դաշնային ժողովի վերին պալատ` Դաշնության խորհուրդ, որտեղ դրանց հաստատվելու համար պահանջվում է ձայների երեք քառորդը:

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը օրերս հրապարակած «Կազմակերպությունների ազատությունը` վտանգի տակ» զեկույցում եզրակացրել է,որ Դմիտրի Մեդվեդեւի իշխանության գալով «Ռուսաստանը շարունակում է շարժվել ավտորիտարիզմի ուղղությամբ»: Ռուսաստանը այստեղ դասված է աշխարհի ամենաավտորիտար 12 երկրների շարքը, որում ընդգրկված են նաեւ Իրանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Կոլումբիան, Եգիպտոսը, Պակիստանը, Վենեսուելան, Չինաստանը, Ալժիրը, Զիմբաբվեն եւ Մալազիան:

«Ռուսաստանը շատ լուրջ խնդիրներ ունի ժողովրդավարության եւ ժողովրդավարական ինստիտուտների ազատությունների հետ կապված` նույնիսկ Չինաստանի ու Եգիպտոսի համեմատ: Ռուսաստանը շարժվում է սխալ ուղղությամբ», - ասված է զեկույցում:

Ստեղծված իրավիճակի հիմնական պատասխանատուն, ըստ կազմակերպության փորձագետների, Ռուսաստանի նախկին նախագահ եւ ներկայիս վարչապես Վլադիմիր Պուտինն է, ում նախագահության 8 տարիներին երկրում պարբերաբար խախտվել են մարդու իրավունքները, սահմանափակվել է մամուլի ազատությունը, ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը: «Իշխանությունները ճնշել կամ արգելել են գրեթե բոլոր բողոքի ակցիաները», - նշում է Freedom House-ը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG