Մատչելիության հղումներ

Նինո Բուրջանաձեն վերջնականապես անցավ ընդդիմադիր ճամբար


Վրաստանի խորհդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն երեկ, երբ նշվում էր «վարդերի հեղափոխության» հինգերորդ տարեդարձը, վերջնականապես հռչակեց իր անցումը ընդդիմության ճամբար:

Թբիլիսիում ավելի քան երեք հազար պատվիրակների մասնակցությամբ կայացավ Բուրջանաձեի նախաձեռնությամբ ստեղծված «Ժողովրդավարական շարժում - Միասնական Վրաստան» կուսակցության հիմնադիր համագումարը:

Դիմելով իր կողմնակիցներին, Բուրջանաձեն խիստ քննադատության ենթարկեց իր նախկին հեղափոխական զինակցին` Միխեիլ Սահակաշվիլիին, մասնավորապես, հայտարարելով. - «Իշխանությունը, որը չկարողացավ խուսափել նախապես ծրագրված պատերազմից, որն իր մեջ այդքան քաջություն չգտավ, որպեսզի ներողություն խնդրի շարքային քաղաքացիներից Ցխինվալիում եւ Կոդորիում տեղի ունեցած համար, այժմ վիրտուլ իրականություն է կերտում` փորձելով բոլորիս համոզել, թե երկրում ամեն ինչ շատ լավ է»:

Համագումարից մի քանի օր առաջ «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը տված հարցազրույցում Բուրջանաձեն ասել էր. - «Հետադարձ հայացք նետելով հինգ տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին` ես կրկին համոզվում են, որ այն նպատակները, որ հետապնդում էր «վարդերի հեղափոխությունը», շատ կարեւոր էին, դրանց հիմնական մասը, սակայն, այսօր լուծված չէ: Հինգ տարի անց էլ մենք խոսում ենք ժողովրդավարության ամրապնդման, լրատվամիջոցների ազատության, վախի մթնոլորտը հաղթահարելու եւ դատական համակարգի բարեփոխման անհրաժեշտության մասին»:

Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Lինքոլն Միթչելը, ով «Ամերիկյան արտաքին քաղաքականությունը եւ Վարդերի հեղափոխությունը» գրքի հեղինակն է, այսպես է բացատրում Սահակաշվիլիի վարչակազմի վերջին ձախողումները. - «Մի պահ եկավ, երբ նրանք ասացին, թե պետականության կերտումը, դրա ամրապնդումը ավելի կարեւոր է, քան ժողովրդավարությունը: Բայց խնդիրն այն է, որ երբ դու կենտրոնանում ես այդ երկու խնդիրներից միայն մեկի իրագործման վրա, ոչ մեկում էլ հաջողության չես հասնում:Նրանք այլ ճանապարհ ընտրեցին, ինչը Սահակաշվիլիի մեծագույն սխալն էր»:

Վերլուծաբանը շեշտում է, որ ստեղծված իրավիճակում Արեւմուտքը պետք է հրաժարվի այն մտայնությունից, թե Սահակաշվիլին միակն է, ում հետ այսօր կարելի է Վրաստանում գործ ունենալ: Վերլուծաբանների կարծիքով` դրան կնպաստի նաեւ Բուրջանաձեի վերադարձը ակտիվ քաղաքականություն:

Կիրակի օրը այն պահին, երբ Բուրջանաձեի կողմնակիցները հավաքվել էին Թբիլիսիում, նախագահ Սահակաշվիլին եւ հեղափոխության տարեդարձի առթիվ Վրաստան ժամանած Lեհաստանի ղեկավար Lեխ Կաչինսկին մեկնում էին Հարավային Օսիայի սահմանագծում գտնվող փախստականների ճամբար: Ճանապարհի կեսից, սակայն, նրանք ստիպված եղան վերադառնալ Թբիլիսի: Lեհական ու վրացական աղբյուրների վկայությամբ` պատճառը նախագահների շարասյան ուղղությամբ արձակված կրակոցներն էին: Թե ովքեր էին կրակողները` պաշտոնական Թբիլիսին չի հստակեցնում, ակնարկելով միայն, որ այդ շրջանում ռուսական ստորաբաժանումներ են տեղակայված:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG