Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր Ստամբուլում կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ եւ կքննարկի երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հետ կապված խնդիրներ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվություն վարչության տարածած տեղեկատվության համաձայն` երկուշաբթի Էդվարդ Նալբանդյանը մեկօրյա այցով լինելու է Ստամբուլում` Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի նախագահության շրջանակներում:

Օգտվելով Ստամբուլում Էդվարդ Նալբանդյանի ներկայությունից` Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հանդիպման առաջարկություն է արել, որն ընդունվել է Հայաստանի արտգործնախարարի կողմից:

Հանդիպմանը նախատեսվում է քննարկել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցեր:

Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ որպես հարաբերությունների կարգավորման առաջին քայլ` ակնկալում է երկու երկրների միջեւ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ հայ-թուրքական սահմանի բացում:

Ստամբուլ այցի կապակցությամբ թուրքական «Հուրիեթ» թերթին տված հարցազրույցում Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասել է. - «Ճիշտ չէ սահմանի բացումը ներկայացնել իբրեւ թուրքերի կողմից հայերին մատուցվող շնորհ: Թուրքական կողմը պակաս շահագրգռված չէ դրանով, քան հայկականը: Դիվանագիտական հարաբերություններ հաստատելով` մեզանից ոչ մեկը մյուսին լավություն չի անում: Մեր երկու երկրներն էլ դրա կարիքն ունեն»:

«Բանակցությունները պարզապես բանակցությունների համար չեն, այլ կոնկրետ արդյունքների հասնելու», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը:

Նա նաեւ նշել է. - «Ես չեմ կարծում, թե Հայաստանը սպասում էր Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը ստանձնելուն, որպեսզի դրա շնորհիվ երկխոսություն սկսեր Թուրքիայի հետ: Սակայն ՍԾՏՀ-ն այն միջազգային կազմակերպություններից է, որը մեր երկրների համագործակցության հնարավորությունները քննարկելու համար բարենպաստ միջավայր է ապահովում»:

Խոսելով Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմ ստեղծելու` պաշտոնական Անկարայի նախաձեռնության մասին, Էդվարդ Նալբանդյանը «Հուրիեթ»-ի հետ զրույցում հաստատել է Հայաստանի աջակցությունը այդ գաղափարին: Միաժամանակ, նա վերապահում է արել, թե պաշտոնական Երեւանը այդ նախաձեռնության փաստացի իրականացման, ձեւաչափի եւ մի շարք այլ ասպեկտների հետ կապված հստակեցումների կարիք ունի:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG