Մատչելիության հղումներ

Թոմաս Համմարբերգը քննադատել է դատավարությունների ընթացքը եւ «7-ի գործով» նախաքննությունը


Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը բավարարված չէ մարտի 1-2-ի իրադարձությունների համար պատասխանատուներին բացահայտելու, այդ իրադարձությունների առնչությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության եւ դատաքննության ընթացքով:

Այսօր Թոմաս Համմարբերգը լրագրողներին ասաց, որ Եվրախորհրդին իր կողմից ներկայացվելիք զեկույցում միակ դրական առաջընթացը վերաբերելու է Փաստահավաք խմբի ձեւավորմանը: Միեւնույն ժամանակ, հանձնակատարը իր զեկույցում ստիպված է լինելու քննադատորեն արտահայտվել «զարգացումների, կամ ավելի ստույգ` դրանց բացակայության մասին»:

«Ես քննադատելու եմ արդեն ավարտված որոշ դատավարությունների ընթացքը եւ «7-ի գործով» նախաքննությունը», - ասաց Համմարբերգը:

Թոմաս Համմարբերգը «7-ի գործով» իր վերջնական կարծիքը կհայտնի, երբ պատրաստ կլինի մեղադրական եզրակացությունը, սակայն Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կասկածներ հայտնեց, որ «բավարար ապացույցներ չկան անգամ [«7-ի գործով»] դատավարությունը սկսելու համար»: Նա նաեւ անընդունելի համարեց «7-ի գործով» կալանավորված անձանց հեռախոսազրույցների գաղտնալսումների հրապարակումը մամուլում, ինչը, ըստ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի` իրավական երկրում անընդունելի երեւույթ է, քանի որ այդպիսով խախտվում է մարդու անձնական տվյալների անձեռնմխելիության իրավունքը:

Հիշյալ 7 գործիչները, որոնք Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման ակտիվիստներից են, իսկ նրանցից 3-ը` Ազգային ժողովի պատգամավորներ, մեղադրվում են Քրեական օրենսգրքի 300 հոդվածով` «պետական իշխանության յուրացման» փորձ կատարելու եւ 225 հոդվածի երկրորդ մասով` «զանգվածային անկարգություններ» հրահրելու, կազմակերպելու համար:

Թոմաս Համմարբերգը նշեց, որ զեկույցներ է ստացել դատավարությունների ընթացքում վկաների նկատմամբ ճնշումների գործադրման վերաբերյալ: Նա ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ մի շարք գործերով մեղադրանքներ են առաջադրվել ու դատավճիռներ կայացվել բացառապես ոստիկան վկաների ցուցմունքների հիման վրա, եւ ընդգծեց, որ ոստիկանների ցուցմունքները չպետք է անտեսվեին, սակայն այն դեպքերում, երբ կա բախում ոստիկանության եւ ցուցարարների միջեւ` անհրաժեշտ էին նաեւ լրացուցիչ ապացույցներ եւ ցուցմունքներ:

«Այս մեթոդներն ընդունելի չեն մարդու իրավունքների պաշտպանությամբ առաջնորդվող հասարակության համար», - ընդգծեց Թոմաս Համմարբերգը, - «Ես հիասթափված եմ ստացած տեղեկություններով»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցը, երբ հունվարի վերջին կայանալիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում քննարկվի Հայաստանի հարցը 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջների կատարման առումով, Համմարբերգը պատասխանեց. - « Չնայած ես անկախ եմ խորհրդարանական վեհաժողովից եւ նրանք էլ ինձանից, այդուամենայնիվ համոզված եմ, որ այն` ինչ ես զեկուցեմ, էական նշանակություն կունենա, վեհաժողովի կայացնելիք վճռի վրա: Հնարավոր տարբերակներից մեկը կարող է լինել Հայաստանի պատվիրակությանը ձայնից զրկելը»:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG