Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Ժամանակ-Երեւան»-ը, «Ազգային ժողովի բարոյական մակարդակը» վերնագրված խմբագրականում գրում է. - «Տեսնես հիմա ի՞նչ են մտածում մեր «ազգընտիրները», երբ իրենցից մեկը խոսել է դիպուկահարի մասին, ով մարտի 1-ին կրակել է ու սպանել անզեն, խաղաղ ցուցարարների: Դատախազությունը այսօր ընդդիմադիր երեք պատգամավորի մեղադրում է չարած բաների մեջ, նաեւ` 10 անմեղ զոհերի համար: Հիմա հայտնվել է դիպուկահարը. եղե Ազգային ժողովն իր պաշտպանության տակ է առնելու վերջինիս, նրան պատվեր տված գեներալին կամ նախագահին, ուրեմն` առաջնորդվում է քիլերային տրամաբանությամբ: Ուրեմն` երնեկ Սասունին, Մյասնիկին եւ Հակոբին, որ ազատ են` թեկուզ ժամանակավոր անազատության մեջ: Երնեկ նրանց, որ այս խորհրդարանում չեն...»:

«Հայկական ժամանակ»-ը տպագրել է Սամվել Նիկոյանի աղմուկ հանած հարցազրույցը ռումինական թերթին: Մեջբերենք այն հատվածներից, որոնք չեն վերաբերում զորքերի կամ ոստիկանության գործողություններին: Սամվել Նիկոյանը ասում է. - «Մարտիմեկյան իրադարձությունից հետո ընդդիմությունն ամեն դեպքում փորձում էր շարունակել ուժային պայքարը եւ հույս ուներ, որ այս աշնանը կկարողանա իրականացնել իր նպատակները: Իսկ իրենց նպատակները դա հեղափոխությունն է: Հեղափոխությունը անվանում են «երգի-պարի» հեղափոխություն, դա իրենք են ասել, իմ բառերը չեն: Եթե Վրաստանում կամ Ուկրաինայում ստացվեց, ապա Հայաստանում չստացվեց: Մարտիմեկյան իրադարձություններն իշխանություններին ստիպեցին շատ զգոն աշխատել, շատ ձգված են աշխատում: Դա նոր ձեւավորվող կառավարության կազմի վրա էական ազդեցություն ունեցավ: Այսօր Հայաստանում չեն կարող գտնել մի նախարարի, որ ասեն` այ նա կոռուպցիոներ է, այ նա կաշառակեր է, ասենք, նրա կենցաղը վատն է, անբարոյական է, նման նախարար չունենք մենք հիմա, դա հենց այդ մարտիմեկյան իրադարձությունների արդյունք է»: Միջազգային ճնշումների մասին Սամվել Նիկոյանը ասում է. - «Հաճախ մեզ թվում է, որ Եվրոխորհուրդը դա ընդդիմության համար ստեղծված կառույց է, բայց Եվրոխորհուրդի անդամ է պետությունը, ոչ թե միայն պետության մի մասը` ընդդիմությունը: Բայց կարծում եմ, դա էլ հաղթահարելի է, որովհետեւ դրսից ինչքան էլ ազդեցություն լինի, եթե դրա համար պարարտ հող չկա, դա չի կարող ծիլեր տալ»:

«Առավոտ»-ին տված հարցազրույցում Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը ասել է. - «Անկեղծ որ ասեմ` ես գոհ չեմ մեր դիվանագիտությունից: Մենք հայրենական պատերազմ ենք մղել ու հաղթել, իսկ հայ դիվանագիտությունը չի կարողանում ամրագրել հաղթանակը: Եթե դիվանագետներն այն աստիճան ապաշնորհ գտնվեն, որ դարձյալ պատերազմը վերսկսվի, էլի Երկրապահի աջակցությանն են դիմելու: Այ, ասում եք միջազգային հանրությունը. որքան ես հասկանում եմ, նրանց համար ելակետը կամ մեծագույն արժեքը խաղաղությունն է: Բա ինչո՞ւ չենք փորձում պարզ մարդկային լեզվով բացատրել, որ հրադադարի կնքումը հայկական կողմի լրջագույն զիջումն էր` հանուն խաղաղության: 1994-ի մայիսին, երբ կնքվեց հրադադարը, Ադրբեջանի բանակում խուճապ էր եւ բարոյալքում: Մենք կարող էինք առանց կրակոցի քշել-վերցնել Նախիջեւանը, Եվլախը, Կիրովաբադը: Եթե իրենց այդ բազարային մտածողությամբ առաջնորդվեինք, այդ բոլոր տարածքները կվերցնեինք, հիմա էլ, ասենք` Կիրովաբադն ու Եվլախը կվերադարձնեինք, կասեինք` ահա մեր փոխզիջումը: Բայց մենք այդ կերպ չվարվեցինք: Բավարարվեցինք մեր բնական հայրենիքի այն չնչին հատվածի ազատագրմամբ, որը երաշխավորում է Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը: Հասկացեք` վերջապես, այս տարածքներն այսօր նաեւ խաղաղության երաշխիք են»:

«Չորրորդ իշխանություն»-ը կրկին վերադառնում է Սերժ Սարգսյանի հրավիրած միջկուսակցական խորհրդակցությանը. - «Փաստորեն, տասը տարի շարունակ Հայաստանի իշխանությունները «հաղթողական դիրքերից» բանակցություններ են վարում, այդ ընթացքում պարբերաբար ազդարարում են դիվանագիտական «փայլուն հաջողությունների» մասին ու երբ այդ ամենի արդյունքում ստորագրվում է ինչ-որ մի (թեկուզ` երկրորդական) փաստաթուղթ, ողջ իշխանական դաշտը խուճապի մեջ է ընկնում եւ հանդարտվում է միայն այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը նրանց պարզաբանում է, որ այդ փաստաթուղթը «հավայի բան է»: Այսինքն, այդ «հաղթողական» քաղաքականության արդյունքում մենք արդեն այն օրն ենք ընկել, որ ստորագրված ցանկացած փաստաթուղթ մեզ ուրախացնում է միայն մի դեպքում` եթե կարող ենք դրա պահանջներից խուսափել: Ընդ որում, իրականում կարող ենք, թե ոչ` դեռ հայտնի չէ»:

«Հայոց աշխարհ»-ը զրուցել է Հայկական սոցիոլոգիական ընկերակցության նախագահ Գեւորգ Պողոսյանի հետ, որը ներկայացնում է իր հետազոտությունները. - «Վերջերս Հայաստանում եւ Ղարաբաղում անցկացրած հարցումն էլ ցույց է տալիս՝ բնակչության 95 տոկոսը չի պատկերացնում Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Գտնում է, որ Ղարաբաղը կարող է լինել անկախ, կարող է լինել Հայաստանի կազմում, նույնիսկ ԱՊՀ-ում, որպես ինքնուրույն միավոր, բայց Ադրբեջանի կազմից դուրս։ Որքան էլ դժվար է հավատալ, այո, կա բնակչության որոշակի հատված՝ 2-5 տոկոսը, որը դեմ չէ, որ Ղարաբաղը շատ բարձր կարգավիճակով, օրինակ, որպես դաշնային հանրապետություն, ընդգրկվի Ադրբեջանի կազմում»։ Սոցիոլոգը հավելում է. - «Ընդհանուր առմամբ, հասարակությունը՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, հոգեբանորեն պատրաստ է փոխզիջման։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ փոխզիջումը մենք մի ձեւով ենք պատկերացնում, Ադրբեջանը՝ բոլորովին այլ»։

«Ազգ»-ը ներկայացնում է, թե Թուրքիայի քաղաքական շրջանակները ինչպես են պատրաստվում երկուշաբթի օրը կայանալիք` Հայաստան-Թուրքիա արտգործնախարարների հանդիպմանը: Պարզվում է, որ Ալի Բաբաջանը արդեն հայտնել է, որ օրակարգում է նաեւ Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա արտգործնախարարների եռակողմ նոր հանդիպումը: Սակայն, ըստ նրա. - «Այդ հանդիպումը պետք է լավ կազմակերպված լինի, այլապես անիմաստ է լուսանկարվելուց հետո բաժանվելը»: Մեկ այլ առիթով Բաբաջանը նշել է. - «Տարածաշրջանում կարգավորման համար դրական մթնոլորտ է ձեւավորվել: Սա պատեհ առիթի կարեւոր պատուհան է: Կարծում եմ, պետք է լավ օգտագործել առիթը: Հաճախ եմ նշել պատուհանների կարեւորության մասին: Պատուհանները բացվում են, կարող են նաեւ ժամանակի ընթացքում փակվել... Քանի դեռ բաց է առիթի այս պատուհանը, կողմերը պետք է շտապեն ե՛ւ Ադրբեջան-Հայաստան, ե՛ւ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների արագ նորմալացման համար»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG