Մատչելիության հղումներ

Մայր Աթոռը քայլեր է ձեռնարկում Սուրբ Նորաշեն եկեղեցին պաշտպանելու ուղղությամբ


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը քայլեր է ձեռնարկում Թբիլիսիի Սուրբ Նորաշեն եկեղեցին ոտնձգություններից պաշտպանելու ուղղությամբ: Ինչպես երեկ լրագրողներին հայտնեց Վահրամ քահանա Մելիքյանը, պատվիրակություններ են մեկնել Թբիլիսի, հեռախոսազրույցներ եւ անձնական հանդիպումներ են տեղի ունեցել, եւ վրաց հոգեւորականները հավաստիացրել են, որ խնդիրները լուծում կգտնեն:

«Ասել, որ Մայր Աթոռը որեւէ քայլ չի ձեռնարկում` ճիշտ չէ, որովհետեւ այսօր էլ Գերագույն հոգեւոր խորհրդի կողմից համապատասխան մի գրություն ուղղվեց, որով վերստին արտահայտվեց հայկական կողմի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դատապարտողական կեցվածքը», - հայտնեց Վահրամ քահանան` միաժամանակ, ընդգծելով. - «Ի վերջո, մենք այնտեղ ունենք հսկայական հայ համայնք, եւ եթե մենք այստեղից այդ խիստ արտահայտությունները հնչեցնենք, չեմ կարծում, որ դրանով պիտի լավագույնս օգնած լինենք այն հայ համայնքին, որը անմիջապես կրում է այդ տրամադրությունների ազդեցությունը իր վրա»:

Ըստ նրա` Ամենայն հայոց կաթողիկոսն ու Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքը խնդիրը բազմիցս քննարկել են:

«Առաջարկ է ներկայացվում, որ վիճահարույց եկեղեցիների պատկանելության շուրջ նորից ստեղծվի հանձնաժողով, քննարկեն պատմական հիմքերը, ինչը ընդունելի չէ, որովհետեւ այդ եկեղեցիների բոլոր արձանագրությունները, բոլոր փաստաթղթերը, որ մեզ մոտ առկա են, բոլորը վկայություններ են», - ասաց Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչը:

Թբիլիսիի Սուրբ Նորաշեն եկեղեցու նկատմամբ պարբերաբար ոտնձգություններ են կատարվում, հիմնականում` վրաց հոգեւորական Տարիել Սիկինչելաշվիլիի նախաձեռնությամբ:

Վերջին նման միջադեպը տեղի է ունեցել անցած կիրակի, երբ վրաց հոգեւորականն ու իր կողմնակիցները, կիրառելով շինարարական ծանր տեխնիկա, տեղահանել էին եկեղեցու բակում գտնվող` Միքայել եւ Lիդիա Թամամշեւների շիրմաքարերը: Վրաց եկեղեցու պատրիարքարանի միջամտությունից հետո միայն շիրմաքարերը վերադարձվել են իրենց տեղը:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG