Մատչելիության հղումներ

Jane's: «Ղարաբաղի շուրջ պատերազմը ավելի անհավանական է թվում»


Jane’s Intelligence հեղինակավոր վերլուծական կենտրոնի հրապարակած վերջին զեկույցի համաձայն` Վրաստանի հետ կարճատեւ պատերազմից հետո Ռուսաստանը ավելի է ամրապնդում իր ազդեցությունը Կովկասում: Դրա շնորհիվ է նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրվել հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հռչակագիրը:

Փաստաթուղթը չի վկայում այն մասին, որ հակամարտության վերջնական կարգավորման համաձայնեցումն արդեն ավարտին է մոտենում: Եվ այնուամենայնիվ, ըստ Jane’s-ի, այն նպաստում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի պահպանմանը:

Միացյալ Նահանգների եւ եվրոպական դաշնակիցների ուշադրության կենտրոնում Վաշինգտոնում մեկնարկած իշխանափոխության գործընթացն է, ուստի այնտեղ Մոսկովյան հռչակագիրը արժանացել է համեստ եւ ընդհանուր առմամբ դրական գնահատականի:

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հռչակագրում ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով, եւ հաստատել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդական ջանքերի շարունակման կարեւորությունը:

Jane’s Intelligence-ի վերլուծաբանները նշում են, որ հայ-ադրբեջանական շփման գծում մարտի սկզբին տեղի են ունեցել լուրջ բախումներ, զոհվել է առնվազն 16 զինվոր: Հունիսին Ադրբեջանում տեղի է ունեցել խոշոր զորահանդես՝ առաջինը 1992 թվականից ի վեր: Դրա ընթացքում ցուցադրվել են Իսրայելից գնված TAR 21 Tavor մակնիշի ինքնաձիգները, IMI Lynx տեսակի հրթիռային կայանքները, անօդաչու ինքնաթիռները, նախկին խորհրդային պետություններից գնված հրետանու նոր համակարգեր եւ հրթիռներ:

Օգոստոսին վրացական ուժերը ներխուժել են Հարավային Օսիա: Ադրբեջանում նախ հավանություն են տվել դրան` այդ երկրի արտգործնախարարությունը ընդգծել է, թե իրենք էլ ունեն ուժի դիմելու իրավունք: Սակայն Հարավային Օսիայում ռուսների պատասխան գործողությունները Ադրեբեջանին ստիպել են վերանայել այդ մոտեցումը:

Ըստ Jane’s Intelligence-ի, Ղարաբաղի նկատմամբ այս պահին չկան նոր սպառնալիքներ Ադրբեջանի կողմից, քանզի այդ երկրում հասկացել են, որ Հայաստանի հետ պատերազմը կարող է հանգեցնել Ռուսաստանի միջամտությանը:

Մոսկովյան հռչակագիրը, առաջին հայացքից, ընդամենը փաստում է, որ կողմերը հակված են բանակցային լուծում տալ հակամարտությանը: Փաստաթղթում չկան այնպիսի ձեւակերպումներ, որոնք կարելի կլիներ մեկնաբանել իբրեւ զիջում Հայաստանի կամ Ադրբեջանի կողմից:

Եվ այնուամենայնիվ, Jane’s Intelligence-ի վերլուծաբանները մոսկովյան եռակողմ հռչակագիրը համարում են կարեւոր զարգացում ղարաբաղյան խաղաղ գործընթացում, քանի որ մինչ այդ միայն 1992 թվականին են երկու երկրների ղեկավարները՝ խորհրդարանների նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու 3աղուբ Մամեդովը Իրանի միջնորդությամբ ստորագրել համատեղ հայտարարագիր, իսկ 1994 թվականին հրադադարը կնքել են ավելի ցածր դիրք զբաղեցրած պաշտոնյաներ:

Հռչակագրի առավել կարեւոր նշանակությունը Ռուսաստանի դերակատարության կարեւորումն է: 90-ականներին էլ Ռուսաստանը փորձել է Ղարաբաղի խնդրում ներկայացնել միակողմանի նախաձեռնություններ, սակայն դրանք, ի վերջո, «տորպեդահարվել են» ԱՄՆ-ի կողմից, քանի որ Վաշինգտոնը ամեն կերպ ձգտել է խափանել հակամարտության գոտում խաղաղապահ առաքելության նպատակով ռուսական ուժեր տեղակայելու հնարավորությունը:

Այս դեպքում ԱՄՆ-ը եւ Եվրոպան ի պաշտոնե ողջունել են ռուսական դիվանագիտության ջանքերը, ինչը բացատրվում է ոչ միայն ուշադրությունը Վաշինգտոնում իշխանափոխության վրա սեւեռված լինելու իրողությամբ, այլեւ վրաստանյան ճգնաժամից հետո Կովկասում արտաքին քաղաքականության ասպարեզում նոր գլխացավանքից խուսափելու ձգտմամբ:

Հեղինակավոր վերլուծական կենտրոնն այսպիսի եզրակացության է հանգում. - «Մոսկովյան հռչակագիրը չի նշանակում, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղություն կնքելուն, բայց այն երաշխավորել է ստատուս-քվոն, եւ Ղարաբաղի շուրջ նոր պատերազմն այժմ շատ ավելի անհավանական է թվում: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածության թուլացումն ու Ադրբեջանի նվազ հարձակողականությունը վերականգնում են ապագայում հարատեւ կարգավորման հասնելու հույսը»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG