Մատչելիության հղումներ

Աղվան Հովսեփյան. «Միջազգային փորձագետների օգնությունը մնում է արդիական»


Հայաստանի փորձագիտական հաստատությունների փոխանցմամբ` փորձաքննությունների գործող մեթոդաբանությունը հնարավորություն չի տալիս իրականացնել մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ կիրառված հատուկ միջոցների նույնականացում, եւ միջազգային փորձագետների օգնությունը մնում է արդիական: Այդ մասին ասել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ` Համմարբերգը տեղեկացրել է, որ այդ հարցը քննարկել է մի քանի արտասահմանյան փորձագետների հետ եւ կտրամադրի Մեծ Բրիտանիայում աշխատանքի մեծ փորձառություն ունեցող մի փորձագետի տվյալներ, ով, հնարավոր է, կարող է օգտակար լինել այդ հարցում հայ փորձագետներին եւ քննչական մարմնին:

Աղվան Հովսեփյանը հանձնարարել է կազմակերպել փորձագետի հրավերը:

Գլխավոր դատախազի փոխանցմամբ` «Մարտի 1»-ի գործով նախաքննության ընթացքում պարզվել է, որ ոստիկանության զորքերի կազմում եղել է նաեւ մեկ դիպուկահար, ով հարցաքննվել է դեռեւս հունիսին: Փորձաքննության եզրակացությունների համաձայն` անկարգությունների ժամանակ հրազենային մարմնական վնասվածք ստացած անձանց մարմնից, ինչպես նաեւ մահացած անձանց դիակներից հանված գնդակներից ոչ մեկը չի արձակվել դիպուկահարի հրացանից:

Աղվան Հովսեփյանը վստահեցրել է, որ դատախազությունը պատրաստակամ է մարտի 1-2-ի իրադարձությունների հանգամանքներն ուսումնասիրող փաստահավաք խմբին տրամադրել իր տնօրինության տակ գտնվող անհրաժեշտ ծավալի տեղեկատվությունը:

Գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ «Մարտի 1»-ի գործով նոյեմբերի 21-ի դրությամբ նախնական կալանքի տակ է գտնվում 7 մեղադրյալ, որոնց մասով նախաքննությունը սեպտեմբերի սկզբին ավարտվել է, եւ ներկայումս մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին ժամանակ է տրամադրվել գործի նյութերին ծանոթանալու համար: Աղվան Հովսեփյանը հավաստիացրել է, որ քրեական գործը դատարան ուղարկվելու դեպքում կապահովվի դրա հրապարակայնությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG