Մատչելիության հղումներ

Ստեփան Դեմիրճյան. «Հանդիպումը կուսակցությունների հետ ավելի աշխատող ձեւաչափ է, քան Հասարակական պալատը»


Հայաստանի ժողովրդավարական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանի կարծիքով, երկրի նախագահի երեկվա հանդիպումը կուսակցությունների ղեկավարների հետ ավելի «աշխատող ձեւաչափ է» հասարակական կարեւորության խնդիրները քննարկելու տեսակետից, քան Հասարակական պալատը:

«Սա, բոլոր դեպքերում, ավելի աշխատող ձեւաչափ է, քան Հասարակական պալատը, որը պարզ չէ, թե ինչ հիմունքներով է ստեղծվել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց ՀԺԿ-ի նախագահը:

Ստեփան Դեմիրճյանը, թեեւ մերժել էր Սերժ Սարգսյանի հրավերը եւ երեկ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային կենտրոնում չէր մասնակցել քննարկումներին, այնուհանդերձ, ողջունեց ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ նախագահի վկայակոչած սկզբունքները:

«Ցամաքային կապ Հայաստանի հետ, անվտանգության հստակ երաշխիքներ եւ ինքնորոշման իրավունքի իրացում` եւ, բնականաբար, սա պետք է դրական արձագանք ստանար մասնակիցների կողմից», - ասաց Դեմիրճյանը` հավելելով. - «Սակայն որքանով ես տեղյակ եմ, կոնկրետ խոսակցություն առկա բանակցային փուլի առումով չի եղել, Մադրիդյան սկզբունքները չեն գաղտնազերծվել»:

Մայիսին նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հասարակական պալատ ձեւավորելու մասին, որը պետք է պետական նշանակության, հասարակությանը հուզող հարցերի, նախագահի հրամանագրերի, օրինագծերի, ենթաօրենսդրական ակտերի շուրջ քննարկումներ ծավալի:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG