Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Lragir.am-ի խմբագրականը ներկայացնում է, իր կարծիքով, այսօրվա Հայաստանի վիճակը. - «Սերժ Սարգսյանը հաստատ ինքն էլ չգիտե` ճնշում են իրեն, թե ոչ, տալիս է տարածքները, թե ոչ, զիջում է միակողմանի, թե հանդիպակաց զիջում էլ կա: Սերժ Սարգսյանին միակողմանի զիջման համար մեղադրողները իրենք էլ չգիտեն` արդյոք դրա համար են իրականում նրան մեղադրում, թե պարզապես այլ մեղադրանքներից այլեւս խեր չկա: Եվ քանի որ փաստացի բոլորը, կարծես թե, խճճվել են սեփական անիմացության ցանցում, նրանց թվում է, թե ստեղծվել է նոր իրավիճակ: Իրականում ոչինչ էլ նոր չէ: Ամեն ինչ փաստացի նույնն է, համենայն դեպս` Հայաստանի համար: Արդյոք նույնը չեն ներքին կյանքի ժողովրդավարացման, իրավունքի եւ օրենքի գերակայության հաստատման, տնտեսական ազատության ապահովման խնդիրները: Արդյոք նույնը չէ Ղարաբաղը հզորացնելու, կեղծ գաղափարաբանական կապանքներից ազատելու եւ արդիական պետություն դարձնելու խնդիրը: Արդյոք նույնը չէ մեր ռազմական հաղթանակը իրացնելու եւ ոչ թե ի դեմս անխնամ եւ անմշակ, անբնակ տարածքների, ամեն գնով դրա ավելորդությունը մեզ եւ աշխարհին ի ցույց դնելու խնդիրը»:

«Հրապարակ»-ը անդրադառնում է երեկվա միջկուսակցական խորհրդակցությանը` գրելով. - «Հայաստանում որեւէ կուսակցության ղեկավար Ղարաբաղի խնդրի վերաբերյալ ավելի շատ տեղեկություն չունի, քան հրապարակվել է մամուլում: Միայն մի կուսակցության ղեկավար կա, որը համատեղում է ՀՀԿ եւ ՀՀ նախագահի պաշտոնները եւ տեղեկացված է ավելին, քան մյուս բոլորը: Բայց նա իր տնօրինած ինֆորմացիան համառորեն չի կիսում հանրության հետ: Անգամ կուսակցական ու կառավարական էլիտային չի վստահում: Երեկվա նախագահական հավաքին ներկա 50 կուսակցությունների ղեկավարներն էլ, առանց բացառության, խորհրդակցության վերջում լրագրողներին վստահեցրել են, որ Սերժ Սարգսյանը որեւէ նոր բան չի ասել եւ չի լսել»:

«Հայոց աշխարհ»-ը շարունակում է ներքաղաքական լանդշաֆտի ուսումնասիրությունը. - «Եթե մեր միասնությունը արդեն մասնակիորեն խախտվել է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեռնարկած քայլերի հետեւանքով, ապա հարկ է մտածել գոնե ազգային-հայրենասիրական ուժերից բաղկացած որոշակի «ծանրության կենտրոնի» ձեւավորման մասին։ Վերջինս հստակորեն միմյանցից կտարանջատի տակտիկական նպատակներով հայ դիվանագիտության կողմից ձեռնարկվող քայլերը ստրատեգիական առումով անթույլատրելի զիջումներից եւ տեր կկանգնի նման դիրքորոշմանը իրադարձությունների զարգացման ցանկացած տարբերակում։ Այդ «ծանրության կենտրոնը» կդառնա իշխանության քայլերը վերահսկողության ներքո պահելու միջոց, միաժամանակ ընդդիմության կողմից Ղարաբաղի հարցը ներքաղաքական նպատակներով շահարկելու, երկիրը պառակտելու եւ նրա պարտությունն անխուսափելի դարձնելու վտանգավոր գործընթացի հակակշիռ»։

Ներքաղաքական հետազոտությունները շարունակում է «Փակագիծ»-ը. - «Իշխող կուսակցությունը, որն առաջնորդում է ե’ւ քաղաքական, ե’ւ հասարակական տրամադրությունները, ստանձնում է ամեն ինչի պատասխանատվությունը: Հայաստանում իշխող է համարվում Հանրապետական կուսակցությունը, սակայն այդ կուսակցության պահվածքը նման է բոլորովին հակառակին: Կարծես թե, ՀՀԿ-ն որեւէ կապ չունի իշխանության, առկա հիմնախնդիրների, ղարաբաղյան հակամարտության գործընթացի ակտիվացման, դրա առաջ պատասխանատվության հետ: Հանրապետական կուսակցությունն, այժմ ընդամենն ի դեմս իր առանձին գործիչների, որոնք, ի դեպ, միշտ նույնն են, ստանձնել է այս կամ այն քաղաքական ուժի գործողություններին պատասխանողի դերը: Մյուս կողմից հասկանալի է, որ Հանրապետականը չի էլ փորձում լինել առաջնորդող, քանի որ հասկանում է, որ անգամ ամենամեծ ցանկության դեպքում նա չի կարող այդ բանն անել, քանի որ իշխող ուժի համար այդ նորմալ գործառույթը կատարելու հնարավորություն կլիներ հանրային վստահություն ստանալու միջոցով: Մինչդեռ մենք գիտենք, թե ինչպես է Հանրապետական կուսակցությունը դարձել բացարձակ իշխանություն»:

«Տարեգիր» թերթի մեկնաբանը գրում է. - «Եթե Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հուլիսյան այցից առաջ որոշ քաղբանտարկյալների պայմանական ազատ արձակեցին, ապա այս այցից առաջ ոմանց նկատմամբ հրապարակեցին ամենախիստ դատավճիռները: Հայաստանի իշխանությունների այս քայլը միանշանակ մեկ բան է նշանակում. նրանք թքած ունեն ցանկացած միջազգային կառույցի եւ նրա բանաձեւերի` մասնավորապես ԵԽԽՎ 1609-ի եւ 1620-ի վրա: Այս հարցում, բնականաբար, իրենց մեղքի բաժինն ունեն առաջին հերթին միջազգային կառույցները, որոնք շարունակ աչք էին փակում Հայաստանի գործող իշխանությունների ընտրակեղծիքների, իշխանագողության, սեփական ժողովրդին բռնության ենթարկելու եւ ընդհուպ խաղաղ մարդկանց գնդակահարելու վրա: Եվ ամենեւին պատահական չէր, որ երեկ քաղբանտարկյալները հրաժարվեցին հանդիպել Թոմաս Համմարբերգի հետ` նրա ներկայացրած կառույցին` Եվրոպայի խորհրդին մեղադրելով անգործության եւ երկակի ստանդարտներ կիրառելու մեջ»:

«Ազգ»-ը տեղեկացնում է. - «Հայկական am տիրույթում կայք կարող են ձեռք բերել նաեւ Ադրբեջանի քաղաքացիները: Մեկ տարվա համար վճարելով ընդամենը 13 հազար դրամ, աշխարհի ամեն մի երկրի քաղաքացի կարող է հայկական am տիրույթում գնել սեփական կայքը: «Սա բիզնեսի օրենք է: am տիրույթում գտնվող կայքերը մեր ապրանքն են, որը եւ վաճառում ենք: Որեւէ երկրում on-line տարբերակով մարդիկ կարող են այն գնել», - ասաց Ինտերնետ միության տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը: ԵՊՀ դասախոս Դավիթ Ալավերդյանը, որ դասավանդում է «Տեղեկատվական պատերազմներ» առարկան, համոզված է, որ տեղեկատվական պատերազմում Ադրբեջանը շատ ավելի ակտիվ է եւ նախաձեռնող, իսկ համացանցն այս մարտում նրանց ձեռքին հզոր գործիք է»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG