Մատչելիության հղումներ

logo-print

«Մարտի 1»-ի հանձնաժողովը չքննարկեց «Ազգային միաբանության» առաջարկը


«Մարտի 1»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ Սարգիս Մուրադխանյանը «Ազգային միաբանություն» կուսակցության անունից այսօր հանձնաժողովին առաջարկեց մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ կալանավորվածներին ազատ արձակելու միջնորդություն ներկայացնել նախագահ Սերժ Սարգսյանին:

«Ազգային միաբանություն» կուսակցությունը, որին ես ներկայացնում եմ, առաջարկում է հանձնաժողովին` միջնորդություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին, մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած դեպքերի գործով կալանավորվածներին նախագահական բարձր միջամտությամբ ազատ արձակելու մասին», - ասված է, մասնավորապես, հանձնաժողովի այսօրվա նիստում Մուրադխանյանի հրապարակած հայտարարությունում:

Անկախ պատգամավոր Սամվել Բալասանյանը առաջարկեց, որպեսզի պատասխան տալուց առաջ հանձնաժողովի անդամները հայտարարությունը քննարկեն իրենց կուսակցություններում:

Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, սակայն, նշեց. - «Մենք հանձնաժողով ենք, անկախ ենք, եւ մեր տեսակետը ներկայացնում ենք, եւ վերջ»:

Այդպիսով հարցի քննարկումն ընդհատվեց, քանի որ առաջարկը ներկայացված էր կուսակցության անունից, այնինչ կուսակցությունները հանձնաժողովին առաջարկություն անելու իրավունք չունեն: «Հետագայում մենք կանդրադառնանք, եթե դուք այդ առաջարկը անեք ձեր անունից», - Մուրադխանյանին խոստացավ Նիկոյանը:

Սահմանադրության համաձայն` հանրապետության նախագահը կարող է ներում շնորհել միայն դատապարտյալներին, երբ կա ուժի մեջ մտած դատավճիռ: Ընդ որում` ներում շնորհվում է դատապարտյալի խնդրանքով:

Հետընտրական եւ մարտյան իրադարձություններից հետո կալանավորվածները, դատապարտյալները եւ ընդդիմությունը տարբեր առիթներով հայտարարել են, որ պահանջում են արդարացում, ոչ թե ներում:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG