Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրես եւ «Ժառանգություն». «Նախագահի աշխատակազմը միջամտել է Փաստահավաք խմբի գործունեությանը»


Հայ ազգային կոնգրեսը եւ «Ժառանգություն» կուսակցությունը այսօր համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` պնդելով, որ «նախագահի աշխատակազմն ապօրինաբար միջամտել է Փաստահավաք խմբի գործունեությանը»:

Ողջունելի համարելով նոյեմբերի 14-ից աշխատանքը սկսած Փաստահավաք խմբի երկու որոշումները` Վահե Ստեփանյանին խմբի ղեկավար եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը խմբի աշխատանքի վայր ընտրելու մասին, հայտարարության հեղինակները հավելում են, որ «նախագահի աշխատակազմը միջամտել է Փաստահավաք խմբի աշխատանքներին` որպես աշխատավայր պարտադրելով Ազգային ժողովի շենքը` դրա համար չունենալով որեւէ իրավական ակտով սահմանված նման լիազորություն»:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագահի աշխատակազմն ապօրինաբար միջամտել է Փաստահավաք խմբի գործունեությանը, նաեւ այն, որ խմբին պարտադրվում է աշխատել մի հաստատությունում, որտեղ ապահովված չեն վկաների ինքնության չբացահայտման, վկաներին եւ փորձագետներին տարատեսակ ազդեցություններից զերծ պահելու սկզբունքները, ակնհայտ է դառնում, որ սրանով էապես նվազելու է Փաստահավաք խմբի աշխատանքի պաշտպանվածությունը հնարավոր ճնշումներից, ուստի նաեւ արդյունավետությունը մարտիմեկյան ոճրագործության փաստերի բացահայտման հարցում», - ասված է հայտարարությունում:

Հայ ազգային կոնգրեսի եւ «Ժառանգության» համոզմամբ` «իշխանությունների նման գործողությունները եւս մեկ անգամ վկայում են, որ նրանք շահագրգռված չեն Փաստահավաք խմբի կողմից մարտի 1-ի իրադարձությունների օբյեկտիվ եւ անկախ հետաքննության անցկացման մեջ»:

Պահանջելով իշխանություններից հրաժարվել «Փաստահավաք խմբի վրա ճնշումներ իրականացնելու եւ նրա աշխատանքը վերահսկողության տակ պահելու փորձերից», հայտարարության հեղինակները վերահաստատում են, որ այդ փորձերի շարունակվելու դեպքում ստիպված կլինեն հետ կանչել իրենց ներկայացուցիչներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG