Մատչելիության հղումներ

Լեւոն Զուրաբյանը հրապարակում է արտասահմանցի լրագրողի հետ Սամվել Նիկոյանի զրույցի ձայնագրությունը


Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը այսօր հրավիրած մամուլի ասուլիսում լրագրողներին ներկայացրեց մի ձայնագրություն, որտեղ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը արտասահմանցի մի լրագրողի ասել է, թե մարտի 1-ի երեկոյան Մյասնիկյանի արձանի շրջակայքում դիպուկահար է գործել:

Լրագրողը հարցնում է. - «Ի՞նչ տեսակ զենքեր են օգտագործվել ոստիկանության կողմից ամսի 1-ին»: Նիկոյանը պատասխանում է. - «Մեր օրենքներով, մեր ոստիկանությունն իրավունք ունի օգտագործել պաշտպանական վահան, «դուբինկաներ», ջրցան մեքենա, արցունքաբեր գազ, «չերյոմուխայի» տարբեր տեսակներ եւ հրազեն»: Այնուհետեւ, «Մարտի 1»-ի հանձնաժողովի նախագահը մանրամասնում է զենքի տեսակները. - «Ոստիկանի կողքի հրազենից սկսած` անհատական, եւ ավտոմատ զենք, եւ մի հատ սնայպեր»:

Դիպուկահարի մասին լրագրողին տեղեկացնելուց հետո Նիկոյանը շարունակում է. - «Ես ոստիկանությանը երբ փորձում եմ մեղադրել, որ կարող էիք խփել ոտքին, որ նա չմահանար»:

Զուրաբյանը հրաժարվեց նշել, թե այդ հարցազրույցը ինչպես են ձեռք բերել, եւ արտասահմանյան որ լրատվամիջոցին է այն տրվել: Նա ասաց, որ իրենք ունեն լրագրողի կոորդինատները, եւ եթե կասկածի տակ դրվեն փաստերը` կարող են նրան հրավիրել:

Լեւոն Զուրաբյանի խոսքերով` մարտի 1-ին հրազենից մահացած 5 զոհերից 3-ը, իրենց տեղեկություններով, դիպուկահարի կրակոցից են սպանվել, քանի որ մահացու վնասվածքները գլխի մասում են ստացել:

Նա հայտնեց, որ երեկոյան Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները հանդիպելու են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ: Կոնգրեսի համակարգողը նշեց, որ Սամվել Նիկոյանի հետ այս հարցազրույցը, հնարավոր է, կփոխանցեն նաեւ եվրոպացի պաշտոնյային: Այն նաեւ փոխանցվելու է մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող Փաստահավաք խմբին:

«Եթե հանձնաժողովի նախագահը, տիրապետելով նման տեղեկություններին, չի բացահայտում դա իր հանձնաժողովի աշխատանքների ընթացքում, դա լավագույն ապացույցն է, որ այդ հանձնաժողովին վստահել չի կարելի», - հայտարարեց Զուրաբյանը:
Այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանելով հիշյալ հարցազրույցում իր արած հայտարարությունները` Սամվել Նիկոյանը ասաց. - «Ես ասում եմ` այո, ոստիկանության սպառազինության մեջ եղել է մեկ դիպուկահար: Նրանք պաշտոնապես պատասխանել են իմ հարցին` մեկ դիպուկահարի ներկայությունը: Նման մեկ դիպուկահար եղել է»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե սնայպերից վիրավորված, զոհված կա՞` ըստ իրենց տեղեկությունների եւ ներկայացված փաստաթղթերի, «Մարտի 1»-ի խորհրդարանական հանձնաժողովի նախագահը պատասխանեց. - «Ոչ, այս պահին չեմ կարող ասել, հստակ չեմ կարող ասել»:


Աստղիկ Բեդեւյան եւ Կարինե Քալանթարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG