Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Այսօրվա մամուլում բազմաթիվ են անդրադարձները` Ղարաբաղի հարցով միջկուսակցական քննարկումներին: «Հրապարակ»-ը գրում է. - «Ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը չհամաձայնեց մասնակցել այսօրվա հանդիպմանը: Պատճառը հիմնականում քաղբանտարկյալների առկայությունն է երկրում: Ինքը` հրավիրող կողմն էլ շատ խելամիտ ու համագործակցությանը հակված չգործեց: Միայն այն փաստը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին չեն հրավիրել եւ դա բացատրում են նրանով, որ ՀՀ առաջին նախագահը որեւէ կուսակցության ղեկավար չէ` առնվազն ծիծաղելի է: Այնպես որ, հանդիպումը կարելի է համարել տապալված: Իհարկե, կհավաքվեն մի քանի գրպանային կուսակցությունների եւ կոալիցիոն քառյակի ներկայացուցիչները, հավանություն կտան նախագահի ամեն խոսքին, անվերապահ աջակցություն ու համերաշխություն կհայտնեն հարազատ իշխանության կուրսին եւ կցրվեն: Նրանց մի մասը շատ գոհ տուն կգնա. երեկոյան ողջ երկիրն իրեն հեռուստացույցով տեսնելու է: Եթե չհիշեին ու չկանչեին, նրանցից շատերին անգամ հարեւաններն արդեն մոռացած կլինեին»:

«Ազգ»-ի մեկնաբանը այլ կարծիք ունի. - «Նորագույն աղմկողներին, թե հայկական զորքերը դուրս են բերվելու ազատագրված տարածքներից, թե խաղաղապահ զորքեր են տեսակայվելու, թե հանրաքվե է լինելու որոշ ժամանակ անց, թե այս, թե այն, ասյօր շատ կոնկրետ քննարկումներ են առաջարկվել. գնացեք, տեսակետ հայտնեք, սկզբունքների քողազերծում պահանջեք, չլինի` հետո տեսեք ինչ եք անում: Ու ոչ մի արդարացում չկա` քննարկումներից հրաժարվելու համար: Թե չէ` ջուրը չտեսած բոբիկանում եք: Մեկը Աղդամը Շահումյանով է փոխում, մեկը, թե չէ` «նախագահի աթոռը զբաղեցնողը չգիտի` 2001-ին ի՞նչ գրավոր պայմանավորվածություն է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ», կամ` Ս. Սարգսյանը գնացել է Ղարաբաղ ու ասել` եթե չհանձնեք տարածքները, ձեր գլխին ռումբեր են պայթելու, ինչ-որ անհայտ, հասարակությանն անծանոթ մարդկանց այս հավաստիացումները պարզապես անհեթեթ են, ու կարծես մեն-մի նպատակ էլ հետապնդում են` հայտնի դառնալ հասարակությանը»:

Տրամաբանությունը շարունակում է «Հայոց աշխարհ»-ը. - «Հայ ազգային կոնգրեսի առաջնորդները այժմ էլ հակառակ տեսակետն են զարգացնում` տարբեր հորինովի պատճառաբանություններով հրաժարվելով ընդունել երկրի նախագահի հրավերը: Հորինովի, որովհետեւ անկախ նրանից, թե իրենք չեն ընդունում վերջին նախագահական ընտրությունների արդյունքները կամ գտնում են, որ երկխոսության համար պետք է ազատ արձակել մարտի 1-2-ի իրադարձությունների հետեւանքնով ձերբակալվածներին, միեւնույն է, դրանից ո’չ Ղարաբաղի հարցն է դադարում գոյություն ունենալուց, ո’չ էլ մեր պետության ու ժողովրդի մնայուն շահերը»:

«Չորրորդ իշխանություն»-ը անդրադառնում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի այցին. - «Եվրախորհրդին ձեռնտու է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ լինեն, որովհետեւ դա հնարավորություն կտա լրացուցիչ ճնշումներ գործադրել Սերժ Սարգսյանի վրա եւ նրանից զիջումներ պահանջել արտաքին քաղաքական ոլորտում: Սերժ Սարգսյանին նույնպես ձեռնտու է, որ արտաքին աշխարհն իրենից զիջումներ պահանջի միայն արտաքին քաղաքական հարցերում, բայց աչք փակի երկրի ներսում իր քաղաքական հակառակորդների նկատմամբ իրականացվող տեռորի վրա: Այսինքն, այս առումով պարոն Համմարբերգի այցը լիովին հասկանալի է. նա պիտի գնա ու հերթական անգամ կոշտ գնահատականներ տա Հայաստանի իշխանություններին, Սերժ Սարգսյանն էլ ստիպված պիտի լինի դրա «տակից դուրս գալու» համար ակտիվացնել «մադրիդյան սկզբունքների» քարոզչությունը: Մի խոսքով, «բոլորը գոհ են ու երջանիկ»: Անհասականալի է միայն, թե ինչո՞ւ պիտի քաղբանտարկյալները մասնակցեն այս թամաշային»:

Վերջին զարգացումների վերաբերյալ «168 ժամ»-ին հարցազրույց է տվել Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը: -«Ի՞նչ է եղել, որ բոլորը ափալ-թափալ խառնվել են իրար: Ես ուզում եմ հասկանալ, թե այդ իրար խառնվելն ի՞նչ է նշանակում: Գործող նախագահը Ղարաբաղի հարցի վերաբերյալ խորհրդակցություն է հրավիրում: Ի՞նչն է պրոբլեմը: Երեք չճանաչված հանրապետություն տարբեր ձեւերով ճանաչվել են: Այսօր ունենք խնդիր, նույնանման 10-20 խնդիր կան: Երեք խնդիրները տարբեր ձեւերով սկսել են լուծվել: Դա ավելի հո՞ւյս է ներշնչում, թե՞ ոչ: Ինչո՞ւմն է հարցը: Հայտարարություն էլ արվել է, ըստ որի` այդ հարցերը գոնե մոտ ժամանակներս բացառվում է պատերազմով լուծել: Մեզ համար դա լա՞վ է, թե՞ վատ է: Ես ուղղակի ուզեցի ձեզ ասել, որ այն պնդումները, թե` վա՜յ, խնդիրը մտել է վտանգավոր փուլի մեջ, վա՜յ, Ղարաբաղը կորցնում ենք, ես դա համարում եմ սպեկուլյացիա», - «168 ժամ»-ին ասել է Վազգեն Մանուկյանը:

«Գոլոս Արմենիի»-ն մեկնաբանում է. - «Հազիվ էր արտաքին գործերի նախկին նախարար եւ Սիվիլիթաս հիմնադրամի ղեկավար Վարդան Օսկանյանը թերթերից մեկին տված հարցազրույցում առաջին հայացքից անմեղ թվացող կարծիք հայտնել, թե քաղաքական դաշտում զգացվում է կոնստրուկտիվ, չափավոր-ընդդիմադիր քաղաքական ուժի կարիք, երբ հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը անառարկելիորեն հայտարարեց.- «Այսօր Հայաստանում բազա չկա նոր քաղաքական ուժերի ձեւավորման համար»: Թեեւ Օսկանյանը պարբերաբար հայտարարում է, որ իր վերադարձը գործող քաղաքականություն դեռեւս փաստ չէ, քաղաքական տարածության մեջ սպառնում են հակահարված տալ Ամերիկյան նախագծին: Հիշեցնեմ, որ օսկանյանական Սիվիլիթասը ընկալվում է բացառապես որպես նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու ցատկահարթակ: Մեր քաղաքականամերձ հանրությանը ազատ ժամանակի ավելցուկի հետեւանքով անհրաժեշտ է պարբերաբար ինչ-որ բանից վախենալ ու ինչ-որ բանի մասին վիճել: Այսօր մոդայիկ է վախենալ նրանից, որ Քոչարյանը ուր որ է կվերադառնա, եւ վիճել այն մասին` կիրականանա դա Սիվիլիթասի` քաղաքական կուսակցության ձեւափոխվելո՞ւ միջոցով, թե՞ այլ ձեւով: Ձեւեր շատ կան»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG