Մատչելիության հղումներ

Նախագահի նախաձեռնած` Ղարաբաղի հարցով քննարկումը կայացավ


Այսօր Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային կենտրոնում կայացավ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած` Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպումը հայաստանյան կուսակցությունների ղեկավարների հետ:

Հանդիպումը փակ էր:

Բացելով հանդիպումը` Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասաց. - «Ազգային ժողովին եւ ժողովրդին հղած իմ ուղերձում նշել էի, որ հանդես եմ գալու երկրի համար կենսական նշանակություն ունեցող ռազմավարական հարցերի շուրջ պարբերաբար թեմատիկ խորհրդակցություններ հրավիրելու նախաձեռնությամբ եւ հրավիրելու եմ բոլոր կուսակցությունների ղեկավարիներին: Սա այս ձեւաչափով առաջին խորհրդակցությունն է»:

Նախագահը հույս հայտնեց, որ քննարկումների այսպիսի մեխանիզմը նպաստելու է ոչ միայն որոշումների կայացման գործընթացում կուսակցությունների դերակատարման մեծացմանը, այլեւ քաղաքական դաշտի հետագա զարգացմանը:

«Այս ձեւաչափով մեր հանդիպումներից յուրաքանչյուրը նվիրված է լինելու մեկ կոնկրետ հարցի: Այսպիսի խորհրդակցությունների կարեւորությունը, ըստ իս, առաջին հերթին միմյանց լսելն է, կարծիքների եւ մոտեցումների բազմազանությունը հասկանալը, մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների շուրջ միասնաբար խորհելը, հնարավորության դեպքում` առանձին հարցերի վերաբերյալ միասնական դիրքորոշման ձեւավորումը», - ասաց Սերժ Սարգսյանը:

«Մեր քննարկումներն այսօր եւ այսուհետ անցկացվելու են, այսպես ասած, առանց հղումների, «փակ քննարկում» ձեւաչափով: Այս ձեւաչափը հնարավորություն կտա, որպեսզի բոլոր մասնակիցներն անկաշկանդ ներգրավվեն քննարկումներին եւ ազատ լինեն ցանկացած մոտեցում արտահայտելու հարցում: Իսկ առանց հղումների նշանակում է, որ այս հանդիպումից հետո` մեր հրապարակային գործունեության ընթացքում մենք կարող ենք հիմնվել այստեղ հնչեցված մտքերի վրա, բայց պայմանավորվում ենք, որ ուղղակի հղումներ չենք կատարում», - հայտարարեց նախագահը:

Այնուհետեւ ծավալվեց քննարկում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ, որը տեւեց շուրջ 5 ժամ:

Հանդիպմանը չմասնակցեցին Հայ ազգային կոնգրեսում ընդգրկված կուսակցությունների ղեկավարները, թեեւ հրավեր ստացել էին: Հրավերի մերժումը նրանք գլխավորապես պայմանավորում են այն հանգամանքով, որ ընդդիմության բազմաթիվ ակտիվիստներ գտնվում են անազատության մեջ:

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրավեր չի ստացել, քանի որ որեւէ կուսակցության ղեկավար չէ:

Խորհրդարանում ներկայացված միակ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանն ընդունել է նախագահի հրավերը եւ մասնակցեց հանդիպմանը:

Դաշնակցությունից հանդիպմանը մասնակցում էր կուսակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, «Օրինաց երկիր»-ից` կուսակցության ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Քննարկումներին մասնակցեցին նաեւ Ազգային ժողովրդավարական միության ղեկավար Վազգեն Մանուկյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը, «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, այլ կուսակցությունների ղեկավարներ:

Քննարկումից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը նշեց, որ ամենահետաքրքիրը, թերեւս, այն է, որ Սերժ Սարգսյանը հավատացրել է, թե Ղարաբաղի հարցում այնպիսի լուծում է լինելու, որը բավարարելու է հասարակության բոլոր շերտերին. - «Նախագահն ասաց, որ կլինի մի փաստաթուղթ, որը կբավարարի հայ ժողովրդին: «Ես վստահ եմ», - ասաց: Չգիտեմ: Ես շատ ուզում եմ հավատալ` անկախ նրանից, թե ես քաղաքական որ կողմում եմ: Մի տեսակ շատ ինքնավստահ էր: Ամենակարեւոր բանը, որ ասաց` «չկա աննորմալ հայ, որը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը ճանաչի Ադրբեջանի կազմում»:

Անահիտ Բախշյանի փոխանցմամբ` նախագահը վստահեցրել է, որ տարածքները վերադարձնելու որեւէ պարտավորություն Հայաստանը չի ստանձնել:

«Ժառանգություն» կուսակցության ղեկավարը այսօրվա հանդիպման ժամանակ բարձրացրել է «քաղբանտարկյալների» խնդիրը, հատկապես` անազատության մեջ գտնվող այն ազատամարտիկների, ովքեր ժամանակին նաեւ Սերժ Սարգսյանի մարտական ընկերներն են եղել: «Շատ նեղացավ, դուրը չեկավ: Եվ ասաց, որ «մարտի 1-ից հետո իմ որոշ ընկերներ ձերբակալվել են, բայց դեռ դատարանը որոշում չի կայացրել, եթե դատարանը կայացնի որոշում, այսինքն` ապացուցի, որ նրանք հանցագործություն են կատարել, ես կասեմ` այո, իմ մարտական ընկերները հանցագործություն են արել», - պատմեց Անահիտ Բախշյանը:

Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք կուսակցությունը իրեն մտահոգող հարցերի, այդ թվում` տարածքների վերադարձի հետ կապված պարզաբանումներ ստացել է Սերժ Սարգսյանից, պատասխանեց. - «Տարածքների խնդրով` փաթեթի մաս է, որի վերաբերյալ, բնականաբար, քննարկում է գնում: Հիմնական հարցը այսօր այն է, որ վերջնական լուծում` որպես այդպիսին, համաձայնություն` բոլոր այդ խնդիրներով, որոնք այսօր բաղադրիչներն են կազմում հակամարտության, գոյություն չունի»:

Նա հայտնեց, որ նախագահին է փոխանցել հակամարտության կարգավորման հետ կապված Դաշնակցության մոտեցումները` կազմված չորս կետից:

«Հիմնական հարցը, նախ, այն է, որ բանակցությունները պետք է հենվեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդեն արտահայտված կամքի վրա` դա երկու հանրաքվեներն են: 1991 թվականի հանրաքվեով սահմանվել է` հստակ, որ հռչակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, եւ սահմանվել է այդ հանրապետության տարածքը` ԼՂԻՄ, գումարած Շահումյան եւ Գետաշեն: Երկրորդ հանրաքվեով, որտեղ Սահմանադրությունը ընդունվեց, 142 հոդվածն է հստակ ֆիքսում, թե ինչ կարգավիճակում են այսօր փաստացի առկա տարածքները. այդ փաստացի առկա տարածքները գտնվելու են Լեռնային Ղարաբաղի հանրային իրավասության տակ, այդ տարածքների հետ կապված` իշխանությունը տարածվելու է դրանց վրա այնքան ժամանակ, մինչեւ չի վերականգնվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականությունը», - ասաց Արմեն Ռուստամյանը:

Երկրորդ կետը, ըստ նրա, կապված է ղարաբաղյան խնդրի փաթեթային լուծման հետ. պետք է պարզ լինի, թե սկզբից մինչեւ վերջ բոլոր հարցերը ինչպես են լուծվելու, հակառակ դեպքում` դա նման կլինի ինչ-որ միջանկյալ կարգավորման:

Երրորդ կետը վերաբերում է տարածքների եւ փախստականների վերադարձի խնդրին: Մասնավորապես, ըստ Դաշնակցության, Ղարաբաղը ունի տարածքներ, որոնք պետք է ետ պահանջվեն. - «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կորցրած տարածքները, որոնք 1000 քառակուսի կիլոմետրից ավելի են` Շահումյան, Գետաշեն, Մարտունու կտոր, Մարտակերտի կտոր, եւ այլն: Սրանք պետք է դրվեն բանակցությունների սեղանին` որպես մեր կողմից պահանջվող տարածքներ»:

Դաշնակցության ներկայացրած չորրորդ կետը վերաբերում է բանակցություններին ղարաբաղյան կողմի մասնակցության խնդրին: Ըստ Ռուստամյանի, պետք է հստակ տարանջատել Ղարաբաղի եւ Հայաստանի դերակատարությունը բանակցային գործընթացում. - «Պետք է շատ հստակ ֆիքսվի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնուրույն կողմ է հակամարտության: Հայաստանը պետք է իրենով չփորձի փոխարինել Ղարաբաղը, մանավանդ այդ հարցերով` տարածքներ, եւ այլն, այլ հանդիսանա որպես այդ կոնֆլիկտի մեջ ներքաշված կողմ, եւ այդ հարցերի մեջ պետք է նաեւ տեղավորվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության եւ անվտանգության երաշխավոր լինելու հանգամանքը»:

Ազգային ժողովրդավարական միության ղեկավար Վազգեն Մանուկյանի խոսքերով` Սերժ Սարգսյանը կուսակցությունների ղեկավարներին փոխանցել է «վստահություն, որ հարցերը լուծվելու են միասնական ճանապարհով»:

Տարածքների վերադարձի հարց, ըստ Մանուկյանի, չկա. - «Փոխզիջումներ պետք է լինեն, հասկանալի է, բայց հիմա որեւիցե մի փաստաթուղթ ստորագրված չէ, ըստ որի` այս կամ այն զիջումը պետք է կատարվի: Ինչ կկատարվի առջեւում` դա ուրիշ բան է: Ոչ մի գաղտնի պայմանավորվածություն, ասվեց, որ չկա, եւ ես հավատում եմ դրան»:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG