Մատչելիության հղումներ

logo-print
Խորհրդարանում ներկայացված միակ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանն ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը եւ վաղը կմասնակցի Ղարաբաղի թեմայով անցկացվելիք քննարկմանը:

Սերժ Սարգսյանը, ըստ նախագահի մամուլի խոսնակի, հանդիպմանը հրավիրել է Հայաստանում գրանցված եւ գործող կուսակցությունների ղեկավարներին` ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ նրանց տեսակետները լսելու նպատակով:

Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող ընդդիմադիր մի շարք ուժեր, մասնավորապես` «Հանրապետություն», Լիբերալ եւ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունների ղեկավարները արդեն երեկ մերժել էին նախագահի հրավերը` դա գլխավորապես պայմանավորելով այն հանգամանքով, որ ընդդիմության բազմաթիվ ակտիվիստներ գտնվում են անազատության մեջ:

Կոնգրեսին մաս կազմող Հայաստանի ժողովրդավարական կուսակցությունը եւս, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, այսօր որոշում է կայացրել` չընդունել Սերժ Սարգսյանի հրավերը:

«Սկզբունքորեն ճիշտ, անհրաժեշտ համարելով կարեւորագույն հարցերի շուրջ կուսակցությունների հետ քննարկումների նախաձեռնությունը, նաեւ հասարակական լայն քննարկումների նախաձեռնումը, այնուամենայնիվ, ՀԺԿ-ն այս հանդիպմանը չի մասնակցի, քանի որ առայսօր ազատված չեն քաղբանտարկյալները, որոնց թվում կան նաեւ Արցախյան ազատամարտի մասնակիցներ», - նշեց Ստեփան Դեմիրճյանը` հավելելով. - «Իսկ Ղարաբաղի հարցի կարգավորման հետ կապված` մենք մեր դիրքորոշումը բազմիցս ներկայացրել ենք, այն է` առաջին հերթին, հայկական կողմի ջանքերը պետք է ուղղված լինեն նրան, որպեսզի Ղարաբաղը դառնա բանակցային գործընթացի լիիրավ մասնակիցը»:

Անահիտ Բախշյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ կիսում է իր գործընկերների մտահոգությունները «քաղբանտարկյալների» վերաբերյալ, բայց «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստում որոշում են կայացրել մասնակցել նախագահի հետ հանդիպմանը` հաշվի առնելով հենց «քաղբանտարկյալների» խնդիրը: Կուսակցության ղեկավարը պատրաստվում է հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանին հարց ուղղել` կապված այն ազատամարտիկների հետ, ովքեր մարտի 1-ի դեպքերի առնչությամբ գտնվում են անազատության մեջ:

«Ես երբեք չեմ մտածում, որ [Մոսկովյան] հռչակագիրը մեզ իսկապես ապահովագրել է որեւէ ռազմական ոտնձգությունից, եւ եթե կրկնվի այդ քայլը, ապա մեր հասարակությունը ինչպե՞ս է ընկալելու այդ փաստը, որ Արցախյան պատերազմի նվիրյալներից ոմանք այսօր բանտում են իրենց քաղաքական հայացքների համար», - պարզաբանեց «Ժառանգության» վարչության նախագահը: - «Ես կարծում եմ, որ առաջին լուրջ հարվածը, որ կա Արցախյան կոնֆլիկտի լուծման ճանապարհին, առաջին խոչընդոտը մեր կողմից` այդ մարդկանց` բանտում գտնվելն է»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG