Մատչելիության հղումներ

Երեւանում հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է


Երեւանում այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում հանցագործությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է, իսկ դրանց բացահայտումների ցուցանիշը` նվազել: Այդ մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Աշոտ Միրիջանյանը:

«2008 թվականի 10 ամիսների ընթացքում Երեւան քաղաքում գրանցվել է 3857 հանցագործություն, որը 462 դեպքով կամ 13,8 տոկոսով ավելի է նախորդ տարվանից», - տեղեկացրեց Միրիջանյանը: - «Վարույթում գտնվող գործերով բացահայտումը կազմել է 56,8 տոկոս` նախորդ տարվա 61,4-ի դիմաց»:

Աշոտ Միրիջանյանի փոխանցմամբ` «Հետք» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր, «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության ղեկավար Էդիկ Բաղդասարյանի վրա երկու օր առաջ կատարված հարձակման գործով «աշխատանքները գտնվում են խիստ հսկողության տակ»: Նա համոզմունք հայտնեց, որ մոտ ապագայում հանցագործները պատասխանատվության կենթարկվեն:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված իր վստահությունը, Աշոտ Միրիջանյանը պատասխանեց. - «Իմ ներքին ձայնը եւ փորձառությունն է ինձ ստիպում ասել, որ սա ավելի շուտ նման է այն գործերին, որոնք կարելի է արագ բացահայտել»:

Նա նաեւ հույս հայտնեց, որ տուժողը` Էդիկ Բարսեղյանը ոստիկանությանը կօգնի, քանի որ «եթե նույն տուժողները բացահայտումներին չեն օգնում, շատ դժվար է բացահայտել»:


Լիլիթ Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG