Մատչելիության հղումներ

Թոմաս Համմարբերգը վաղը կժամանի Հայաստան


Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը նոյեմբերի 20-22-ը հատուկ այցով կգտնվի Հայաստանում` մարտի 1-2-ի դեպքերի հետեւանքով ազատությունից զրկված անձանց հետ կապված իրավիճակը եւ այդ դեպքերի առնչությամբ իրականացվող հետաքննությունը գնահատելու նպատակով:

«Ես նպատակ ունեմ գնահատել ազատազրկված անձանց իրավիճակը եւ այն առաջընթացը, որը գրանցվել է մարտյան իրադարձությունների համար պատասխանատուներին ի հայտ բերելու առումով», - ասել է հանձնակատարը։ - «Կարեւոր է, որպեսզի իրական եւ փաստացի նկարագրություն տրվի, թե ինչ է կատարվել իրականում։ Եթե դա կարելի է անել, ապա դա նաեւ օգտակար կլինի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ապագա աշխատանքի համար»։

Հայաստանում Եվրախորհրդի տեղեկատվական գրասենյակի փոխանցմամբ` այցի ընթացքում Թոմաս Համմարբերգը հանդիպելու է նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, «Մարտի 1»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի եւ մարտյան դեպքերի հետաքննությամբ զբաղվող նորաստեղծ փաստահավաք խմբի անդամների, մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը նաեւ կայցելի ազատազրկման վայրեր։

Սեպտեմբերին հանձնակատարը հրապարակել է իր հետազոտության արդյունքները՝ նշելով, որ կա բանտարկվածների առնչությամբ գոհացուցիչ լուծումներ գտնելու եւ մարտյան իրադարձությունների համար մեղավորներին պատասխանատվության կանչելու հրատապ անհրաժեշտություն։

Ազատազրկման վայրերում գտնվող ընդդիմության 28 ակտիվիստներ երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որում տեղեկացրել են, թե «մեծագույն հարգանք տածելով հանդերձ պարոն Համմարբերգի անձի նկատմամբ ու գնահատելով նրա պաշտոնեական բարեխղճությունը»` հրաժարվում են նրա հետ հանդիպումից: «Շատ լավ հասկանալով հանդերձ նման քայլի ծայրահեղությունը, մենք նոյեմբերի 20-ին, որպես Եվրախորհրդի երկդիմության ու անհետեւողականության դեմ բողոքի նշան, հայտարարում ենք մեկօրյա հացադուլ», - ասված է հայտարարությունում, որի հեղինակները պնդում են, թե փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո անցած ժամանակամիջոցում «Եվրոպայի խորհուրդը ոչ միայն չկատարեց որպես անդամ երկրի՝ Հայաստանի ժողովրդի նկատմամբ ժողովրդավարության եւ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման իր ստանձնած պարտավորությունները, այլեւ գործեց ճիշտ հակառակ ուղղությամբ»։

Հայաստանի քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի անդամ Կարապետ Ռուբինյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Ութ ամսից ավելի է` մարդիկ անհեթեթ մեղադրանքներով տառապում են բանտերում: Եվ հենց նույն այդ եվրոպական կառույցները, որոնք իրենց վրա պարտավորություն են վերցրել, որ Հայաստանին որպես անդամ երկիր պիտի օգնեն ամրացնել ժողովրդավարությունը, չեն կատարում դա: Ավելին` իրենց վախկոտ քաղաքականությամբ ինչ-որ տեղ նաեւ օժանդակում են իշխանությունների ապօրինություններին»:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG