Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Իշխանություններն ու ընդդիմությունը մի հարցում նման են իրար. ղարաբաղյան կարգավորման հարցում միասնական դիրքորոշում չունեն: Ե'վ իշխող կոալիցիայում, ե'ւ Հայ ազգային կոնգրեսում կարելի է պայմանականորեն երկու թեւեր առանձնացնել. փոխզիջման կողմնակիցներ եւ որեւէ զիջման դեմ հանդես եկողներ: Ընդդիմության դեպքում ամեն ինչ շատ պարզ է: Այստեղ ազատագրված տարածքների վերադարձին կտրականապես դեմ են երկրապահները եւ ղարաբաղյան պատերազմի վետերանները: Այսինքն` նրանք, ովքեր անմիջականորեն մասնակցել են այդ տարածքների ազատագրմանը եւ այսօր լիակատար իրավունք ունեն կտրականապես մերժել այդ տարածքների վերադարձը: Իսկ ահա իշխանական դաշտի «անզիջումների» դեպքում իրավիճակը մեղմ ասած տարօրինակ է: Այստեղ «անզիջումների» երկու խումբ կա` Ռոբերտ Քոչարյան-Վարդան Օսկանյան եւ դաշնակներ: Ռոբերտ Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը «ոչ մի թիզ հող» գոռալու որեւէ բարոյական իրավունք չունեն, ընդ որում` ոչ թե այն պատճառով, որ մասնակցություն չեն ունեցել այդ տարածքների ազատագրմանը (երկուսն էլ իրենց ոլորտներում նպաստել են այդ հաղթանակներին), այլ որովհետեւ երկուսն էլ 1998-ից հետո տասը տարի շարունակ ամեն քայլափոխի զիջել են այդ տարածքները»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Ես չեմ տիրապետում սոցիոլոգիական տվյալներին, բայց իմ տպավորությամբ, Հայաստանում (եւ Ադրբեջանում) իրական, փոխզիջումային կարգավորման կողմնակիցները զգալի փոքրամասնություն են կազմում: Մեզ մոտ հասարակական կարծիքը հակված է հետեւյալ ձեւակերպմանը. - «Այո, խաղաղություն հաստատենք, բայց ոչ մի տեղից դուրս չգանք, իսկ Ադրբեջանը թող ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: Համապատասխանաբար, մեր հարեւանների մտածողությունը հետեւյալն է. - «Այո, խաղաղություն հաստատենք, բայց թող հայերը ամեն տեղից դուրս գան, իսկ Ղարաբաղը դառնա Ադրբեջանի մաս»: Միակ գործիչը, որը արիություն ունեցավ խոսելու իրական, ոչ թե վերը շարադրված ֆանտաստիկ, մաքսիմալիստական ծրագրերի իրագործման անհրաժեշտության մասին` 1997-ի (ոչ այսօրվա) Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Թե ինչով դա ավարտվեց` հայտնի է»:

«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ: Նա ասում է. - «Ենթադրենք, թե ֆինանսական ճգնաժամը չկա, աշխարհը շուռ է եկել, եւ հանկարծ հակամարտությունը կարգավորելու քաղաքական որոշում է կայացվել։ Ո՞վ եւ ինչպե՞ս պետք է ստիպի Բակո Սահակյանին, իրականացնելու այդ որոշումը, կամ համոզի Իլհամ Ալիեւին։ Ի՞նչ տեխնոլոգիայով, որտե՞ղ պետք է տեղադրվեն խաղաղարար ուժերը, ի՞նչ ճանապարհով։ Խոսվում է Լաչինի միջանցքի մասին. այդ հանճարեղ «վերլուծությունների» հեղինակները Լաչինում եղե՞լ են, պատկերացնո՞ւմ են՝ ինչ ասել է խաղաղարար ուժեր տեղադրել Լաչինի միջանցքում։ Եթե չեն եղել, կարող են գոնե քարտեզը նայել եւ համոզվել, որ ավելի մեծ հիմարություն հնարավոր չէ հնարել»։

Իսկ «Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է Սերժ Սարգսյանի ղարաբաղյան այցի` իրեն հայտնի մանրամասների մասին. - «Ըստ իրազեկ աղբյուրների, Սերժ Սարգսյանը դժգոհ գեներալներին ուղիղ ասել է, որ եթե նրանք ուզում են պահպանել իրենց ունեցած-չունեցածը, ապա թող հանգիստ նստեն տեղները եւ լռեն: Ու քանի որ գեներալները բավական բան ունեն կորցնելու, «սսկվել», նստել են: Սույն գեներալները, որ երբեք առիթը բաց չեն թողել` «ոչ մի թիզ հող թշնամուն» ասելու, փաստորեն, իրենց «մարշրուտնու» գծերը, փայտի բիզնեսն ու մնացած բիզնեսները «գերակա շահ» համարեցին Ղարաբաղի նկատմամբ: Բնականաբար, Սերժ Սարգսյանի համար առանձնակի դժվարություն չի կարող լինել շատ արագ կազմակերպել այս գեներալներից ցանկացածի սնանկացումը»:

«Հրապարակ»-ում վերլուծականով է հանդես եկել քաղաքագետ Մանվել Սարգսյանը. - «[ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների] Այցը, այնուամենայնիվ, քողազերծեց իրավիճակի ամենագաղտնի պահերը: Առաջին հերթին` շատ բան պարզվեց այն բանից, որ խոսակցությունը ծավալվել է ոչ թե ԼՂՀ ճակատագրի մասին, այլ` նրա շուրջ տարածքների եւ խաղաղարար զորքերի: Ինչքան էլ համանախագահները ձգտեցին պատրանք ստեղծել, թե ԼՂՀ-ն իր ժողովրդի ու նախագահի հետ գտնվում է բանակցությունների կենտրոնում, իրենց իրական հետաքրքրությունները չկարողացան թաքցնել: ԼՂՀ-ի շուրջ գտնվող տարածքները պետք է ազատվեն հայկական զորքից, իսկ նրանց նոր տերերը պետք է դառնան միջազգային խաղաղարար զորքերը: Ահա եւ միջազգային հանրության ողջ մտահոգությունը: Իսկ ԼՂՀ կարգավիճակը երբեւէ կամ կքննարկվի, կամ ոչ. դա հակամարտող երկրների նախագահների խնդիրն է: Ահա այստեղ էլ եկել է պահը, որ հայ հասարակությունը եւ Հայաստանի ղեկավարությունը մտածեն: Շատերը սկսել են խոսել, որ պատերազմից չեն վախենում, բայց չեն ասում, թե վախենո՞ւմ են արդյոք խաղաղապահներից»:

Իսկ «Ազգ»-ը մեջբերել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահ, այսօր` Ռուս դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովի խոսքը: Նա կարեւորագույն իրադարձություն է համարել Մայնդորֆյան հռչակագրի ստորագրումը: Սակայն, ըստ նրա, «ավելի ճիշտ կլիներ հռչակագիրը կոչել Մոսկովյան»: «Փաստաթղթի մասին հնչում են դրական եւ բացասական կարծիքներ: Այնուամենայնիվ կարեւորն այն է, որ առաջին անգամ նման բարձր մակարդակով փաստաթուղթ է ստորագրվում, ինչը ես ֆենոմենալ եմ համարում բանակցությունների այս փուլում: Ամենաէականն այն է, որ կողմերը հանձն են առնում խնդիրը լուծել միայն խաղաղ ճանապարհով», - ասել է Կազիմիրովը:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG