Մատչելիության հղումներ

«Ջհանգիրյանը պետք է մնար Արգավանդի խաչմերուկում»


Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը այսօր դատարանի դահլիճում հայտարարեց, թե փետրվարի 23-ին ոստիկանների կողմից իր մեքենան կանգնեցնելու նախապես մշակված սցենարի համաձայն` «Գագիկ Ջհանգիրյանը պետք է մնար Արգավանդի խաչմերուկում»:

«Բայց քանի որ չի ստացվել, չի հաջողվել, որ Ջհանգիրյանը մնա Արգավանդի խաչմերուկում` ողջ է մնացել, դրա համար հիմա եկել են, սկսել են մոգոնել` ում խելքը ինչ կտրում է», - ասաց Ջհանգիրյանը` հավելելով. - «Մեկը զենքի վրա երկուս է ավելացնում, մյուսը հետին ամսաթվով զեկուցագրեր է պահանջում ենթականերից, որ իբր [Ջհանգիրյանը] դիմադրություն է ցույց տվել»:
Շուրջ երեք ժամ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվում էին քրեական գործի նյութերը` ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչների, վարչության պետի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի [6-րդ] վարչության աշխատակիցների ստորագրությամբ արձանագրությունները, զեկուցագրերն ու հաղորդումները: Գագիկ Ջհանգիրյանը եւ նրա շահերի պաշտպաններն էլ փաստում էին դրանցում առկա կեղծիքները, իրավաբանորեն ոչ գրագետ ձեւակերպումները: Մի քանի փաստաթուղթ, մասնավորապես, ներկայացվել էր «Հայկական ԽՍՀ ներքին գործերի նախարարություն» վերտառությամբ բլանկների վրա:

Մեղադրող Կորյուն Փիլոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոստացավ փաստաբանների հայտարարությունների վերաբերյալ իր կարծիքը հայտնել, «երբ որ կգա ժամանակը». - «Ես ուշիուշով լսեցի: Կային փաստաթղթեր, որոնց մեջ, այո, կային խախտումներ: Օրինակ, եթե արձանագրության մեջ ստորագրությունը բացակայում է` իհարկե խախտում կա»:

Ջհանգիրյանի փաստաբաններն այսօր նաեւ իրենց մատնանշած կեղծիքների հեղինակների նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդություն ներկայացրեցին:

Գագիկ Ջհանգիրյանը ձերբակալվել է փետրվարի վերջին` հետընտրական իրադարձությունների կապակցությամբ: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 316 հոդվածով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG