Մատչելիության հղումներ

Փիթեր Սեմնեբի. «Պետք է հիշել, որ Հարավային Կովկասի երկրները ընդամենը 17 տարվա պատմություն ունեն»


Եվրամիությունը Հայաստանի ղեկավարության հետ քննարկումներ էր ունեցել, որոնց արդյունքում պարզ դարձավ, որ հայկական կողմը ցանկանում է իմանալ, թե ինչպես են կայացվում որոշումները Եվրամիությունում, եվրոպական լավագույն օրինակներն այդ բնագավառում եւ Եվրամիության չափանիշները: Այդ մասին ասաց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին` «Ազատություն» ռադիոկայանի Հայկական ծառայությանը տված բացառիկ հարցազրույցում մեկնաբանելով Հայաստան խորհրդականներ ուղարկելու Եվրամիության նախաձեռնությունը:

«Խորհրդականների այս խումբը ռեսուրս է լինելու որոշում կայացնողների համար: Նրանք կանգնած են լինելու ղեկավարների կողքին տեղեկություն տալու համար՝ ասելու նրանց, թե ինչպես այս կամ այն որոշումը կկայացվեր Եվրամիության անդամ երկրներում», - պարզաբանեց Սեմնեբին:

Այդ խորհրդականները, ըստ նրա, գնահատականներ չեն կարող տալ. - «Նրանք այնտեղ են լինելու խորհուրդներ տալու համար: Նրանք կարող են իրենց տեսակետը ներկայացնել եվրոպական չափանիշների վերաբերյալ, եթե նրանց հարցնեն: Նրանք օրակարգ չունեն, մանդատ չունեն: Դա կախված կլինի հայկական կողմից: Հայկական կողմը պետք է հարցնի նրանց, որպեսզի նրանք իրենց կարծիքը հայտնեն Եվրոպայում ձեւավորված լավագույն փորձառության մասին: Սա կարող է, ի վերջո, իր նպաստը բերել Հայաստանը Եվրամիությանը մոտեցնելու առումով»:

Անցած շաբաթ Պրաhա ժամանած հայ, ադրբեջանցի եւ վրացի փորձագետները եւ քաղաքական գործիչները քննադատեցին Եվրամիությանը Հարավային Կովկասի երեք երկրներում կայունությունը ժողովրդավարությունից գերադասելու մեջ: Մասնավորապես, երեք երկրներում էլ ընտրությունները անցկացվում են խախտումներով, կեղծիքներով, սակայն կառավարությունները որեւէ կերպ պատասխանատվության չեն ենթարկվում, ընտրությունները ճանաչվում են Եվրամիության կողմից:

Ի պատասխան այդ մեղադրանքների` Սեմնեբին հայտարարեց. - «Կայունության հակառակը անկայունությունն է, որ ոչ ոք չի ցանկանում: Մենք կարծում ենք եւ համոզված ենք, որ երկարատեւ հեռանկարի առումով կայունության հասնելու համար բացարձակապես անհրաժեշտ է զարգացնել ժողովրդավարական հաստատությունները, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը եւ ժողովրդավարական մշակույթը: Ժողովրդավարական մշակույթը պետք է վերաբերի բոլորին` ոչ միայն կառավարությանը, այլ նաեւ ընդդիմությանը: Սա մի բան է, որ տեղի կունենա ոչ թե մեկ օրում, մեկ տարում, կամ օրենսդրական շրջանում: Դրա համար երկար ժամանակ կպահանջվի, գուցե մեկ սերունդ: Ես հույս ունեմ, որ մինչեւ հաջորդ սերունդը պատրաստ լինի իշխանությունը վերցնել իր ձեռքը, մենք բավական հեռուն գնացած կլինենք: Բայց պետք է հիշել, որ Հարավային Կովկասի երկրները ընդամենը 17 տարվա պատմություն ունեն»:

«Սա գործընթաց է, որը չի ավարտվում մեկ օրում: Սրանք հարցեր են, որ առաջնային են մեր օրակարգում: Եվրամիության ծրագրերը իրականացվում են որոշակի նախապայմաններով: Այդ ծրագրերից լիովին օգտվելու համար անհրաժեշտ է կատարել որոշակի նախապայմաններ», - ընդգծեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը` հավելելով. - «Բայց հրապարակային դասախոսություն կարդալը այնքան էլ չի գնահատվում: Շատ բանի կարելի է հասնել ավելի արդյունավետ կերպով, հանդարտ, մասնավոր հանդիպումներում եւ զրույցներում՝ ուղղություն եւ տարբեր տեսակի խորհուրդներ տալու առումով: Օրինակ, տեխնիկական խորհուրդներ կառավարության տարբեր գործակալություններին, դատաիրավական համակարգին»:

Հարցին, թե տեսնո՞ւմ է արդյոք առաջընթաց մարտի 1-ի դեպքերի հետաքննության առումով` հաշվի առնելով, մասնավորապես, Փաստահավաք խմբի ստեղծումը, որի աշխատանքներին համաձայնել է մասնակցել նաեւ ընդդիմությունը, Փիթեր Սեմնեբին արձագանքեց. - «Դուք ինքներդ պատասխանեցիք ձեր հարցին: Այն փաստը, որ հանձնաժողովը [Փաստահավաք խումբը] ստեղծվել է, առաջընթացի վկայություն է, եւ այն հանգամանքը, որ ընդդիմությունը համաձայնել է մասնակցել, նույնպես առաջընթացի վկայություն է: Այս իմաստով, մենք շատ երկար ճանապարհ անցանք մարտի 1-ին հաջորդած ողջ ժամանակաշրջանում»:

«Իսկ կարո՞ղ եք ասել, որ այս առաջընթացը տեղի է ունեցել ձեր ջանքերի շնորհիվ», - այս հարցին Եվրամիության հատուկ ներկայացուցիչը արձագանքեց. - «Համենայն դեպս, սրանք առաջարկներ են, որ մենք սկսել են ներկայացնել շատ վաղ, երբ հայտարարվեց արտակարգ դրությունը»:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG