Մատչելիության հղումներ

Բռնություն է կիրառվել լրագրող Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ


Երեկ երեկոյան անհայտ անձինք հարձակում են գործել «Հետք» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր, «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության ղեկավար Էդիկ Բաղդասարյանի վրա:

Հարձակումը տեղի է ունեցել Ժամը 20-ի սահմաններում, երբ լրագրողը դուրս է եկել Բուզանդի 1/3 հասցեում գտնվող «Հետք» ինտերնետային պարբերականի գրասենյակից եւ մոտեցել է իր ավտոմեքենային:

«Միանգամից երկու հոգի հարձակվեցին` հենց մեքենայի դիմացից: Խփեցին, նոր հասկացա, որ ինձ խփում են: Սկսեցինք իրար խփել` իրենք ինձ, ես` իրենց», - այսօր «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Էդիկ Բաղդասարյանը: - «Հեռախոսս ձեռքիս էր: Մեկին` բերանին խփեցի: Նույնիսկ` հեռախոսը արյունոտ է, ըստ երեւույթին` նրա բերանի արյունն էր: Ինքը ահագին հետ գնաց: Որ հետ գնաց` ես իր դեմքը տեսա: Մենակ այդ մեկի դեմքն եմ աղոտ հիշում, որ փորձեմ` կարող եմ վերարտադրել»:

Հարձակվողները երեքն են եղել: Երրորդը վերջում է հարձակվել Էդիկ Բաղդասարյանի վրա:

«Մեկ էլ հետեւից հարվածեց գլխիս: Ես չգիտեմ ինչու, ինձ թվում է, քարով էր [հարվածը], անընդհատ ասում եմ քարով, բայց կարող է` երկաթով էր», - պատմեց լրագրողը:

Հարվածից Էդիկ Բաղդասարյանը ուշաթափվել է, հետո ուշքի է եկել, ինչպես ինքն է ասում` հարձակվողների ոտքերի հարվածներից, որոնք փախուստի են դիմել միայն այն ժամանակ, երբ մոտակա շինության պարեկապահակային ծառայության աշխատակիցը օդ է կրակել:

Հարձակման հետեւանքով Բաղդասարյանը կորցրել է համակարգչային կրիչը, որի վրա եղել են «Հետք» ինտերնետային պարբերականի համար պատրաստված հետաքննական նյութեր, մասնավորապես` «Գլենդեյլ Հիլզ» շինարարական կազմակերպության մասին հետաքննական մի նյութ: Նախապես Բաղդասարյանին թվացել էր, թե հարձակվողները իրենց հետ տարել են նաեւ իր ֆոտոխցիկը, սակայն ավելի ուշ լրագրողի որդին դեպքի վայրում հայտնաբերել է այն:

Միջադեպից անմիջապես հետո Էդիկ Բաղդասարյանին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, եւ լրագրողը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք` գանգուղեղային վնասվածքներով: Գլուխը վնասված էր երկու տեղից, եւ կարեր են դրվել:

Էդիկ Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ոչ ոքի չի կասկածում իր դեմ հարձակումը պատվիրելու մեջ:

Մեկնաբանելով տեղի ունեցածը` Հայաստանի նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ «լրագրողի նկատմամբ բռնության ցանկացած դրսեւորում անընդունելի եւ դատապարտելի է»: Ֆարմանյանը տեղեկացրեց, որ Էդիկ Բաղդասարյանի հետ կատարվածի փաստի առիթով հանրապետության նախագահի կողմից իրավապահ մարմիններին տրվել է խիստ ցուցում` հնարավորինս արագ բացահայտելու եւ պատասխանատվության կանչելու բոլոր մեղավորներին:

Դեպքի առիթով ոստիկանության Կենտրոն քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` դիտավորությամբ, մի քանի հոգու կողմից անձին միջին ծանրության վնասվածք հասցնելու հոդվածով: Կատարողները դեռ պարզված չեն` «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Լրագրողի դեմ բռնարարքը դատապարտող հայտարարություն են տարածել մի շարք լրագրողական կազմակերպություններ, այդ թվում` Երեւանի մամուլի ակումբը, «Ինտերնյուս»-ը, Հայաստանի ժուռնալիստների միությունը, իշխանություններին կոչ անելով «հերթական անգամ սին խոստումներ տալու փոխարեն բացահայտել հանցագործությունն ու պատժել մեղավորներին»:

Միջադեպի կապակցությամբ հայտարարություն է տարածել նաեւ Հայ ազգային կոնգրեսը: «Այս սանձարձակ արարքը հերթական վկայությունն է այն բանի, որ քրեական ռեժիմը պատերազմ է հայտարարել ազատ խոսքի նկատմամբ, որն արդեն կրում է համակարգային բնույթ», - ասված է, մասնավորապես, հայտարարությունում:

Այսօր հիվանդանոցում Էդիկ Բաղդասարյանին այցելեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Այցելությունից հետո լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ «հետաքննությունը շատ արագ տեմպերով առաջ է ընթանում, եւ մենք համոզված ենք, որ կարճ ժամանակում մեղավորները կբացահայտվեն»:

Հարցին` արդյոք պետական օղակներում լուրջ քննարկումներ տեղի ունենո՞ւմ են Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնությունների հետ կապված, որոնք հատկապես վերջերս շատացել են, վարչապետը արձագանքեց. - «Անշուշտ, մենք մտահոգված ենք իրադարձությունների այսպիսի զարգացմամբ: Կարծում եմ, որ անհրաժեշտ է, որպեսզի երկխոսություն լինի լրատվական միջոցների հետ` ընդհանուր առմամբ խաղի կանոնները հստակեցնելու համար: Միջավայրը այնպիսին պետք է լինի, որ հարգալից վերաբերմունք լինի` փոխադարձաբար: Եվ կարծում եմ, դրա անհրաժեշտությունը կա, եւ կարծում եմ, այս դիալոգը, որ հիմա մենք տեսնում ենք, որ կա լրատվական միջոցների, կառավարության եւ հասարակության միջեւ, մեզ կհուշի, թե որոնք են ճիշտ լուծումները: Մենք ակնկալում ենք, որ կլինեն նախաձեռնություններ նաեւ լրատվական միջոցների կողմից»:

Այս հարձակումը տարվա ընթացքում լրագրողների նկատմամբ բռնության յոթերորդ դեպքն է: Նախագահական ընտրությունների օրը Երեւանի Էրեբունի համայնքի ընտրատեղամասերից մեկում ծեծեցին «Հայկական ժամանակ»-ի լրագրող Լուսինե Բարսեղյանին: Մարտի 1-ին հարձակման ենթարկվեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը Մյասնիկյանի արձանի մոտ քաշքշել էին «Հայլուր» լրատվականի օպերատորին: Օգոստոսին երեք լրագրողներ հարձակման ենթարկվեցին. կրկին Լուսինե Բարսեղյանը, «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակի նախկին ղեկավար Հրաչ Մելքումյանը, «Չորրորդ իշխանություն» թերթի թղթակից Գոհար Վեզիրյանը, ում դատական կարգադրիչները բռնությամբ հեռացրեցին դատարանի դահլիճից: Այս միջադեպերից որեւէ մեկի մեղավորները հայտնաբերված եւ պատժված չեն:


Աստղիկ Բեդեւյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG