Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզա. «Հանրաքվեի հետ կապված բոլոր հարցերը ներկայումս բանակցությունների առարկա են»


Ղարաբաղում անցկացվելիք հանրաքվեն, դրա անցկացման եղանակները, ժամկետները, բնակչության մասնակցության եւ կազմակերպման ձեւերը` դրանք բոլորը ներկայումս բանակցությունների առարկա են: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այս մասին ասաց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:

«Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Մոսկովյան հռչակագրում դրված է միայն միջնորդներից մեկի` Ռուսաստանի ստորագրությունը, մինչդեռ համանախագահները երեքն են», - այս հարցին Բրայզայի արձագանքը դրական էր. - «Միանգամայն աջակից ենք դրան: Այդ հռչակագիրը ոչ մի պարագայում Մինսկի խմբի ձեւաչափից դուրս չէր»:

«Նախագահ Մեդվեդեւը, թերեւս, որոշեց ընդգծել Ռուսաստանի հեղինակությունը Հարավային Կովկասում խնդիրների կարգավորման առումով, եւ դա հրաշալի է», - հայտարարեց ամերիկացի համանախագահը` հավելելով. - «Քանի որ այն, ինչ նա ներկայացրեց, շատ օգտակար փաստաթուղթ է, եւ երկար ժամանակ ի վեր սա ղարաբաղյան կարգավորմանն առնչվող առաջին փաստաթուղթն էր, որ ստորագրվեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Դա շատ լավ էր»:

Հռչակագրի` Հայաստանում եւ Ադրբեջանում տարբեր մեկնաբանությունների առիթ տված այն դրույթի առնչությամբ, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային նորմերի եւ սկզբունքների շրջանակներում, Մեթյու Բրայզան ասաց. - «Որեւէ համաձայնություն, որը երբեւէ պետք է կայանա կողմերի միջեւ, իր մեջ պետք է պարունակի այդ երկու [տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի] հիմնարար սկզբունքների տարրերը: Վերջնական համաձայնությունը, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար էլ, դեռեւս չի կայացել, բանակցությունները շարունակվում են: Մենք առայժմ այդ երկու սկզբունքները բացահայտորեն չենք ընդգծում: Հետեւաբար, Մոսկովյան հռչակագրում դրանք ընդհանրացված են ու որոշակիորեն անհստակ: Այդուհանդերձ, փորձ է արվում ինչ-որ հավասարակշռություն գտնել դրանց միջեւ: Դա դրական է, դա հիմա հենց մեր աշխատանքն է` օգնել երկու նախագահներին` հանգելու ավելի մեծ հստակության վերջնական փաստաթղթի ձեւակերպումներում, որոնցում տարածքային ամբողջականության եւ ազատ ինքնորոշման սկզբունքները կհամատեղվեին»:

Անդրադառնալով Հայաստանի ընդդիմադիր դաշտում առկա ենթադրություններին, թե նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների հետ կապված` նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում է որոշակի ճնշման տակ, ամերիկացի համանախագահը ընդգծեց. - «Ես չգիտեմ, դա հարց է, որին դուք` հայերդ պետք է պատասխանեք: Ինչ վերաբերում է մեզ, ապա մեր կառավարությունը ճանաչում է ընտրությունների արդյունքներն ու Սերժ Սարգսյանին` իբրեւ նախագահ: Նա ղեկավարում է երկիրը, եւ մենք պետք է նրա հետ աշխատենք: Իսկ թե որքանով ընդունելի կլինեն նրա ստորագրած փաստաթղթերը ժողովրդի համար, դա հենց ինքը` ժողովուրդը պետք է որոշի: Կարող եմ ասել միայն, որ նա շատ սկզբունքային եւ խելամիտ բանակցող է, ու ինչպես եւ նախագահ Ալիեւը` չի համաձայնի որեւէ տարբերակի, որն անընդունելի կլիներ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Նա խելացի մարդ է, եւ ես մտահոգություն չունեմ այն առումով, թե նա ճնշման տակ է»:

Հարցին` համաձա՞յն է արդյոք Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Դենիել Ֆրիդի գնահատականին, ով վերջերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հնարավոր էր համարել մինչ այս տարվա վերջը ղարաբաղյան կարգավորման հարցով փաստաթղթի ստորագրումը, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը պատասխանեց. - «Գիտեք, ես եւս կարող եմ ասել, որ դա հնարավոր է: Այդուհանդերձ, չեմ ակնկալում, որ մինչ տարեվերջ նման մի բան կլինի: Նաեւ չեմ կարծում, որ կարիք կա արագացնել բանակցությունների ընթացքը: Գործընթացը շարժվում է առաջ, եւ դա, որոշ առումով, նաեւ շնորհիվ այն բանի, որ նախագահներ Սարգսյանին ու Ալիեւին, թվում է, հաջողվել է փոխադարձ անձնական հարգանք, ու նաեւ հնարավոր է` վստահություն տածել միմյանց նկատմամբ»:

Վաշինգտոնի նոր վարչակազմի ակնկալվող կովկասյան քաղաքականության վերաբերյալ ամերիկացի դիվանագետը նշեց. - «Կարող եմ ասել, որ 1991 թվականից սկսած` Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների հետապնդած շահերն ու արժեքներն անփոփոխ են: Դրանք նույնն էին նախագահներ Քլինթոնի եւ Բուշի օրոք, եւ ենթադրում եմ, որ նույնը կլինի նաեւ նոր վարչակազմի օրոք»:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG