Մատչելիության հղումներ

Երեւանում բացվեց Ասիական բանկի գրասենյակը


Այսօր Երեւանում բացվել է Ասիական զարգացման բանկի առաջին գրասենյակը, որը կհամակարգի բանկի գործունեությունը Հայաստանում: Գրասենյակը պաշտոնապես բացել է Ասիական բանկի նախագահ Հարուհիկո Կուրոդան: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

Բանկի եւ Հայաստանի կառավարության միջեւ ստորագրվել է նաեւ նոր համաձայնագիր, որի շրջանակներում բանկի կողմից օժանդակություն կցուցաբերվի երկրի գյուղական ճանապարհների զարգացմանը եւ կբարելավվի տրանսպորտի ոլորտի կառավարումը։

Ասիական զարգացման բանկը Հայաստանում իր ռազմավարական խնդիրներն է համարում բարեփոխումները տրանսպորտի, քաղաքային ծառայությունների եւ հասարակական ոլորտներում։ Համաձայն բանկի տարածած հաղորդագրության, 2005 թվականից ի վեր, երբ Հայաստանն անդամակցել է ԱԶԲ-ին, բանկը ֆինանսավորել է երկու ծրագիր` գյուղական ճանապարհների եւ քաղաքների ջրամատակարարման համակարգի զարգացման ծրագրերը։

«Հայաստանն ունի տնտեսական զարգացման հստակ ծրագիր, որն ուղղված է կայուն աճի ապահովմանը եւ աղքատության կրճատմանը։ Ասիական զարգացման բանկը սերտորեն համագործակցում է Հայաստանի կառավարության հետ այս ծրագրի իրականացման եւ Հայաստանում կենսամակարդակի բարելավման ուղղությամբ», - ասել է Հարուհիկո Կուրոդան։

Մեկօրյա պաշտոնական այցի ընթացքում Հարուհիկո Կուրոդան հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ։


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG